‘Սրանք վտանգավոր են 1000 անգամ ավելի, քան թուրք ու ադրբեջանցի կեղծարարները’

2427

Խորհրդային տարիներին Երեւանի պետական համալսարանը, այն ժամանակի չափանիշներով, ընդդիմադիր եզակի կենտրոններից մեկն էր։ Կենտկոմի 1-ին քարտուղարները լավ նախապատրաստվում էին այստեղ ժողովներին մասնակցելու համար։ Համալսարանի ե՛ւ դասախոսները, ե՛ւ ուսանողները հարցերով կամ ելույթներով նրանց տհաճ անակնկալներ կարող էին մատուցել։

Համալսարանը նաեւ այն կենտրոններից էր, որը պայքարում էր պատմության՝ թուրքական եւ ադրբեջանական կեղծարարների դեմ։ Այն ժամանակ դա ազգային գործունեության քիչ ոլորտներից մեկն էր, որը երբեմն դուրս էր գալիս թույլատրելի շրջանակներից ու, որպես այդպիսին, ամենեւին անվտանգ չէր։

Հիմա ո՞ւր է հասել նույն այդ համալսարանը։ Հասել է այնտեղ, որ ինքն է կեղծում սեփական պատմությունը։ Թուրք եւ ադրբեջանցի պատմաբանները պատմությունը կեղծում են ի շահ իրենց ազգերի։ Ընդ որում՝ աշխատում են այդ կեղծիքներն անել պատմության, ինչքան հնարավոր է՝ հին շերտերում։ Հանուն ի՞նչ վեհ նպատակի է Երեւանի պետական համալսարանը, նրա պատմության ֆակուլտետը կեղծում մեր այսօրվա պատմությունը։

2008-ի ետընտրական շուրջօրյա խաղաղ հանրահավաքների, Մարտի 1-ի մասին ի սկզբանե կար երկու վարկած. իշխանական վարկածը, որտեղ ամեն ինչում մեղադրվում էր ընդդիմությունը, եւ դրան տրամագծորեն հակադիր՝ Շարժման վարկածը։ Երեք տարվա համառ պայքար ու անդուլ աշխատանք պահանջվեց, որպեսզի ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ երկրի ներսում Կոնգրեսը կարողանար կետ առ կետ ցուցադրել իշխանական վարկածի հիմնազուրկ, շինծու լինելը։ Դա դարձավ միջազգային հանրության եւ հայաստանյան հասարակության համոզմունքն ու սեփականությունը, ռեժիմի ներկայացուցիչներն անգամ դադարեցին խոսել իրենց վարկածի մասին։ Հիմա ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան  Էդիկ Մինասյանը վերցրել ու «Հայ ժողովրդի պատմության» իրենց կազմած բուհական դասագրքում դրել է Մարտի 1-ի՝ կետ առ կետ հերքված իշխանական վարկածը։ Բնականաբար, նրան հանձնարարվել է այդպես անել։ Այլ բան է, որ կարծես թե ինչ-որ բան էլ իր կողմից է դրան ավելացրել։ Ինչո՞ւ է հանձնարարվել։ Մարտի 1-ի իշխանական վարկածն ամբողջությամբ տանուլ տված ռեժիմը փորձել է այն այսպես գողեգող «սաղացնել» գոնե բանից համեմատաբար անտեղյակ 17-18 տարեկան ուսանողների վրա։ Սա ռեժիմին հատուկ մանր ժուլիկության ու պատվախնդրության չգոյության դասական մի դրսեւորում է։

Պատմության այդ դասագրքից Մարտի 1-ի մասին «Ի լուրում» հրապարակված 1-2 էջը,  իրոք, մեր տեսած իրականության հակապատկերն է ու իր բացառիկ ցինիզմով ցնցեց բոլորին։ Քննադատության թիրախն էլ, բնականաբար, դարձավ դրա հեղինակը՝ նույն՝ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ Բայց քննադատությունն այստեղ շատ մեղմ բառ է։ Եթե իր մասնագիտական ասպարեզում այդկերպ վարվի բժիշկը, հիվանդները կմահանան, եթե այդ կերպ վարվի շինարարը, կառուցած շենքերը կփլվեն մարդկանց գլխին… Պատմությունը կեղծելը նման առարկայական հետեւանքներ չունի՞։ Դրա հետեւանքները շատ ավելի ծանր են, շատ ավելի լայնածավալ ու շատ ավելի վտանգավոր տվյալ ժողովրդի համար, չափազանցություն չլինի՝ մահացու։ Ուրեմն՝ սա հանցագործություն է։

Ինչո՞ւ էին հայ պատմաբանները դեռ կոմունիստական շրջանում կռիվ տալիս (եւ այսօր էլ կռիվ են տալիս), երբ թուրք եւ ադրբեջանցի հարեւանների կողմից կեղծվում, խեղաթյուրվում էր անգամ հեռավոր շրջանների մեր պատմությունը։ Որովհետեւ պատմությունն, այնուամենայնիվ, ակտիվ գործոն  է, ու նրա կեղծումը որոշակի վնաս ու վտանգ կարող է բերել այսօր ապրող մարդուն, ժողովրդին։ Եթե անգամ կեղծվել է 1000-2000-3000 տարի առաջվա պատմությունը։

Իսկ այս դեպքում, ըստ էության, պատմությո՛ւնը չի կեղծվել։ 2008 թվականը դեռ պատմություն չէ, այն այսօր է։ Կեղծվել է բոլորիս ներկան, այսօրը։

Ընդունված կարգ է՝ պատմության դասագրքերը չեն ամփոփում վերջին տասնամյակը։ Որովհետեւ դա այսօր է, դա դեռ պատմություն չէ, դա քաղաքականություն է։ Այդ կանոնը պահում էին անգամ խորհրդային շրջանում, երբ ամեն ինչ գաղափարախոսականացված էր, իսկ քաղաքականությամբ զբաղվելը՝ հանցակազմ։ ՀՀԿ-ական ռեժիմի չտեսությունն ու մանրությունը ոչ մի բնագավառում ոչ մի սահման չեն ճանաչում։ Նրանք պատրաստ են ոտնատակ տալ ամեն մի կանոն ու սրբություն։

Եւ այսպես՝ եթե 1000 տարի առաջվա պատմության կեղծումը մեր ժողովրդի համար վնասաբեր կամ վտանգավոր է համարվում, ուրեմն ներկան, այսօրը կեղծելը վնասաբեր ու վտանգավոր է դրանից 1000 անգամ ավելի։ Հայաստանի քաղաքացու, ազգի համար դա սպանիչ է, այդ բանն անողները հանցագործներ են, ազգասպաններ։ Նրանք վտանգավոր ու վնասաբեր են 1000 անգամ ավելի, քան պատմության՝ թուրք ու ադրբեջանցի կեղծարարները։

Եւ ո՞վքեր են ծանրագույն այս հանցագործության պատասխանատուները։ Նախ՝ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, որ ստորաքարշաբար ծառայել է ռեժիմին՝ մեղանչելով իր մասնագիտական արժանապատվության դեմ։ Համալսարանի պատմության ֆակուլտետն ու նրա դեկանը ունեն վերադաս՝ ի դեմս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի։ Այս դասագիքն ունի գլխավոր խմբագիր՝ ի դեմս նույն ռեկտորի հայրիկ (մինչեւ 1988-ը մոլի հակադաշնակցական, 1988-ից մոլի հակակոմունիստ) Հրաչիկ Սիմոնյանի։ Այս դասագիրքը, որպես այդպիսին, հաստատվել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի  հրամանով։ Բայց շղթան սրանով չի ավարտվում։ Ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ այս դեպքում շղթան գնում հասնում է Սերժ Սարգսյանին,  որը նաեւ համալսարանի ամենաբարձր պաշտոնյան է՝ ԵՊՀ խորհրդի նախագահը։  Նա էլ հրահանգել է, կամ նրան հաճոյանալու համար էլ արվել է այս կեղծիքը։

Ահա եւ ստացանք մեր ներկայի, մեր այսօրվա վրա իրական կրակողների, ազգասպանություն իրականացնողների ցանկը։ Սրանք բոլորը հանցագործներ են, շատ ավելի մեծ, քան կեղծիքի անմիջական հեղինակ-կատարողը։ Նա ընդամենը վարձված «քիլլեր» է։ Մինչդեռ մյուսները «կազմակերպիչներն» են, եւ այդ շարքում որքան պաշտոնը բարձր՝ այնքան հանցանքը մեծ։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ հոդվածը‘«Փուչիկների գործով» տուժողները ստորագրահավաք են նախաձեռնել՝ Բոզոյանին ազատ արձակելու նպատակով’
Հաջորդ հոդվածը‘«Բարսան» եւ «Աթլետիկոն» ետ թողեցին «Ռեալին»’