‘Վազգեն Մանուկյանը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հայրերից է ‘

7263

Հոկտեմբերի 27-ի տարելիցի օրը այդ թեմայով iLur.am-ի տված հարցերին Վազգեն Մանուկյանը այսպիսի պատասխաններ է տվել.

«Հա, դեպք ա էղել, բռնվել են նրանք, ովքեր որ բռնվել են, ցանկացած հանցագործության մասին կասկած կարող ա առաջանալ, որ ինչ-որ մեկը կա, որ չի բռնվել, բայց ով ուզես, ինչի մասին ուզես կարա կասկածի… մենք հոկտեմբերի 27-ից գիտենք էն, ինչ որ գիտենք, ավել բան չենք իմանում: …Ինչո՞ւ է ակնհայտ, որ ուրիշ մարդիկ էլ են եղել»:

Եւ դա հիշեցրեց մի շարք իրողություններ, որոնք ոճրագործության կատարման պահից ի վեր առաջին օրերին եւ հետագայում արձանագրվում էին ու պատմվում։ Այդ տեղեկությունների մի մասն անվիճելի էր, քանզի դրանք մարդիկ լսել էին սեփական ականջով ու տեսել սեփական աչքով։ Օրինակ, որ՝

—         Ոճրագործության սկզբից քիչ անց, երբ առաջիններից մեկը Վ. Սանուկյանը երեւաց հեռուստաէկրաններին, նրա դեմքից անթաքույց ոգեւորություն եւ ուրախություն էր թափվում։

—         Նա հենց այդ պահին ոճրագործներին փաղաքշաբար որակեց ոչ այլ կերպ, քան՝ «մի խումբ ռոմանտիկների»։

—         Նա առաջինը հրապարակ նետեց այն միտքը, թե ահաբեկիչները գործում են միայնակ, ու նրանց թիկունքին ոչ ոք չկա։ Սա հատկապես կարեւոր է. ցանկացած, հատկապես՝ քաղաքական ահաբեկչության դեպքում, ահաբեկիչների «միայնակ գործելու» վարկածը չի քննարկվում։ Դրան հանգում են այն ժամանակ, երբ սպառվում են մնացած բոլոր վարկածները։

—         Քիչ անց հայտնի դարձավ նաեւ, որ Ն. Հունանյանն իր «գործն» ավարտելուց հետո մի քանի այլ մարդկանց թվում զանգահարել եւ զեկուցել է նաեւ Վ. Մանուկյանին՝ նրան հրավիրելով «միասին հոգալ ազգի ճակատագիրը»։

Այս ամենն այնքան ցցուն էր, որ այդ հիմքի վրա անմիջապես զրույց ստեղծվեց ու տարածվեց այն մասին, թե, իբր, նույն 27-ի գիշերը Վ. Սարգսյանի սպանվելու առիթով ԱԺՄ գրասենյակում ճոխ խնջույք է կազմակերպվել…

Հիմա երբ խոսվում է Հոկտեմբերի 27-ի հեղինակների ու կազմակերպիչների մասին, անարդար է, որ մոռացվում է Վ. Մանուկյանը։ Խոսքն այն մասին չէ, որ նա տեղյակ կամ մասնակից է եղել դրա տեխնիկական նախապատրաստմանն ու իրականացմանը։ Բայց մի բան ակնհայտ է ու անվիճելի. Վ. Սանուկյանի «ԱՅԺՄ» անունով թերթի թիվ 1 թիրախը տեւական ժամանակ «ժողովրդի արյունը ծծող» Վազգեն Սարգսյանն էր։ Այս թերթի հիմնական նպատակը, բնականաբար՝ Վ. Մանուկյանի ուղղորդմամբ, հասարակական մթնոլորտը Վ. Սարգսյանի նկատմամբ թունավորելն էր։ Իսկ եթե ճիշտ են այն տեղեկությունները, որ Ն. Հունանյանը նաեւ այցելել է ԱԺՄ, անձնական շփումներ է ունեցել Վ. Մանուկյանի հետ, ուրեմն՝ հենց նրանից էլ ստացել է թույնի այն անհրաժեշտ չափաբաժինը, որը նրան «գաղափարապես» նախապատրաստել ու «գոտեպնդել» է, մղել «ազգափրկիչ հերոսության»։ Այնպես որ՝ Վազգեն Մանուկյանը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հայրերից է։ Նա, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, ոչ մի կերպ չի կարողանում թաքցնել իր ներքին հրճվանքն ու գոհունակությունը։

 ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարը՝ Photolur

Նախորդ հոդվածը‘Ավազակային հարձակում Երևան-Երասխ ճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքագետ. Հարավային Սուդանն ու ԼՂՀ-ն նույն կարգավիճակը չունեն ‘