‘
Գարեգին Նժդեհին նվիրված Հրաչ Քեշիշյանի ֆիլմը դեռ էկրան չի բարձրացել, սակայն արդեն բուռն քննարկումների տեղիք է տվել անգամ ֆիլմի մի դրվագը, որտեղ Նժդեհին մարմնավորած Արտաշես Ալեքսանյանը բացականչում է. «Я Гарегин Нждэ»: Այժմ Youtube-ում հայտնվել են «տեսահոլովակներ», որտեղ այս կամ այն ֆիլմի ու մուլտֆիլմի հերոսը, սկսած Ալեքսանդր Մակեդոնացուց՝ ավարտած Ջեյմս Բոնդով, խոսում է Նժդեհի ձայնով:
Aravot.am-ը կինոգետ Արծվի Բախչինյանին հարցրել է՝ ինչո՞ւ է ֆիլմի դրվագը հակակրանք առաջացրել հանրության շրջանում:
«Հասարակության բուռն հակազդեցությունը պայմանավորված է մի շարք գործոններով, այստեղ առաջին հերթին ոչ թե Նժդեհի ռուսերեն պաթոսով ասված «Я Гарегин Нждэ » արտահայտությունն է պատճառը, այլ այն, թե ով է ֆինանսավորում Նժդեհի մասին ֆիլմը եւ ով է դրա ռեժիսորը: Հասարակությունը ռեժիսոր Հրաչ Քեշիշյանից ոչ մի լուրջ ակնկալիք չունի, նրան վրդովեցնում է ուրիշ փաստ. մեծագույն գործիչ եւ մտածող Գարեգին Նժդեհի շնորհիվ Խորհրդային Միության մեջ Հայաստանի Հանրապետություն եղավ, մի բան, որին բոլշեւիկները դեմ էին, Նժդեհի՝ Լեռնահայաստանը պահելու արդյունքում հայերը սեփական հանրապետություն ունեցան: Եվ հիմա մի կազմակերպություն՝ «Վալեքսը», որ բառիս բուն իմաստով բռնաբարում եւ լլկում է Հայաստանի բնությունն ու ընդերքը, փորձում է հանդես գալ որպես ազգափրկիչ հերոսի մասին ֆիլմի նախաձեռնող: Ժողովուրդը այս ամենի հանրագումարում ռուսերեն խոսող Նժդեհին, բնականաբար, չի ընկալում, ախր դուք ո՜ւր, Գարեգին Նժդե՜հն ուր»,-նշել է Արծվի Բախչինյանը:
Հավելենք, որ Ֆիլմի բյուջեի մի մասն էլ տրամադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդին՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանը:
Նժդեհի մասին ֆիլմի քննարկումները կրքոտ են նաեւ սոցցանցերում, ընդ որում, Facebook-ում ստեղծվել է «Յա Գարեգին Նժդեհ» անունով էջ , որտեղ եւս տեղ են գտնում «նժդեհային» տեսահոլովակները:
‘