‘Վահագն Խաչատրյանը Տ.Սարգսյանին. Իրենց քաղաքական նպատակն է, որ ՀՀ-ում բնակչությունը լինի աղքատ ‘

1148

«Դժվար է որևէ մեկնաբանություն տալ, որովհետև ավելի անլուրջ հիմնավորում չկար, նրանք աղքատության մեծ տոկոսի վերաբերյալ արդարացումներ են գտնում, որոնք իրականության հետ կապ չունեն»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե  ՀՀ-ում մարդիկ աղքատ են նաև՝ որովհետև գիտելիքների պակաս կա:

Ըստ տնտեսագետի՝ նման հայտարարություն անում է ոչ միայն վարչապետը, այլ նաև իր կուսակիցները, ովքեր ամեն ձևով փորձում են հիմնավորել, թե ինչու ՀՀ-ում աղքատությունը բարձր է:

«Ասեմ, որ կա նաև ուրիշ խնդիր, ՄԱԿ-ի մարդկային զարգացման զեկույցում աղքատության բացատրության մեջ այնպիսի կետ կա, որով հիմնավորվում է, որ աղքատությունը նվազեցնելու համար պետք է մարդկանց կրթել, սակայն դա չի վերաբերում Հայաստանի Հանրապետությանը: Եթե պրն. վարչապետին շատ է հետաքրքում, ապա կարող է վերցնել հենց այդ զեկույցը և տեսնել, որ Հայաստանի առավելություններից է այն, որ մարդիկ կրթություն ունեն, խոսքը տարրական կրթության մասին է»,- ասաց Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ մեզ մոտ այդ խնդիրը չկա:

Նրա խոսքով՝ թող իշխանությունները ազնվություն ունենան և ասեն, որ ՀՀ-ի տնտեսությունը մրցակցային չէ, տնտեսության մեջ չկա մրցակցային հավասարություն, ու չի զարգանում փոքր և միջին բիզնեսը:

«Իրենց քաղաքական նպատակն է, որ ՀՀ-ում բնակչությունը լինի աղքատ՝ ստեղծելով մի քանի օլիգարխներ և մնացածին դարձնելով աղքատ: Չեն թողնում՝ մարդիկ բիզնես դնեն, ուզում են, որ այդ մարդը ստրուկ լինի: Սա քաղաքական նպատակ է, և ուրիշ բացատրություն պետք չէ որոնել»,- եզրափակեց տնտեսագետը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյանի փաստաբանը տեղյակ չէ, թե ինչու են «Սարդարապատ» շարժման անդամին ԱԱԾ հրավիրել’
Հաջորդ հոդվածը‘Սլավոլյուբ Մուսլին. «Սպարտակում» Մովսիսյանն իրեն ավելի վառ կդրսեւորի’