‘Վահագն Խաչատրյան. Առանց իշխանությունների գիտության Հայաստանից չէր կարող $6,2 մլրդ դուրս հոսել’

2707

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Global Financial Integrity հետազոտական կենտրոնի տվյալներով, տասը տարվա ընթացքում Հայաստանից ապօրինի եղանակով դուրս է բերվել ավելի քան 6.2 միլիարդ դոլար:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ  կազմակերպությունն այս տվյալով ներկայացրել է ինչպես Հայաստանում «լվացված փողերը», այնպես էլ գործարարների եւ պաշտոնյաների` կոռուպցիոն ճանապարհներով ձեռք բերված փողերը, որոնք փոխանցվել են օֆշորային գոտիներ:

Ընդ որում, ըստ տնտեսագետի, ապօրինի գումարները Հայաստանից առավել ինտենսիվ կերպով դուրս են բերվել վերջին հինգ տարիներին:

«Եթե միջինացված ենք վերցնում, Հայաստանում տասը տարվա ընթացքում տարեկան միջինը 620 միլիոն դոլարի անօրինական արտահոսք է եղել: Բայց երբ որ առանձնացնում ենք վերջին հինգ տարին, ստացվում է, որ այդ ընթացքում տարեկան մեկ միլիարդ դոլար է դուրս գնացել: Եթե նայենք, թե ով է այդ տարիներին եղել երկրի վարչապետը, ով է ղեկավարել երկիրը, ամեն ինչ պարզ է դառնում: Փաստորեն, ինչ Սերժ Սարգսյանը ստանձնել է կառավարության, այնուհետեւ` երկրի ղեկավարի պարտականությունները, անօրինական փոխանցումների չափը կտրուկ մեծացել է», — նշեց Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով, Հայաստանից ապօրինի եղանակնով փողերը չէին կարող դուրս հոսել առանց քաղաքական իշխանությունների գիտության:  Մանավանդ, մեզ նման ավտորիտար համակարգ ունեցող երկրում, որտեղ տնտեսությունը տոտալիտար վերահսկման է ենթարկվում:

Ըստ տնտեսագետի, հակառակ դեպքում Global Financial Integrity-ի զեկույցին պետք է արագ եւ կոմպետենտ արձագանք տար առաջին հերթին Կենտրոնական բանկը:

«Առավելեւս, որ ԿԲ-ում ճգնաժամից հետո ֆինանսական հոսքերը վերահսկող ստորաբաժանում է գործում: Այդ արձագանքն առայժմ չկա: Գիտենք, որ Կառավարությունը սիրում է անդրադառնալ միջազգային կառույցների զեկույցներին, երբ դրանք ինչ-ինչ ոլորտում դրական ցուցանիշ են արձանագրում` doing Business, Moodie’s-ն այս վարկանիշն է տվել եւայլն: Համաշխարհային բանկի այս զեկույցին պետք է ահազանգ լիներ իշխանությունների համար` տեսեք, թե ձեզ մոտ ինչ է կատարվում: Եւ այս առումով ինձ համար պարզ է, թե ինչու իշխանությունների համար հաճելի չէ այս թեմայով խոսել: Որովհետեւ, խոսելու դեպքում պետք է պատասխանեն նաեւ, թե ով եւ ինչպես է դուրս հանել այդ գումարները», — նշեց մեր զրուցակիցը:

Ըստ փորձագետի, զեկույցում նշված անօրինական ֆինանսական հոսքերը երկու տեսակի են. մեկը` փողերի լվացումն է. Հայաստան են բերվում «կեղտոտ փողեր» եւ «մաքրված» դուրս գալիս այստեղից: Մյուս ճանապարհն, ըստ նրա,  կոռուպցիոն եղանակներով ձեռք բերված անօրինական գումարներն են, որոնք հիմնականում գնում են օֆշորային գոտիներ:

«Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ G20-ի եւ G8-ի վերջին հանդիպումների ժամանակ օֆշորային գոտիների հարցը դիտարկվում է որպես համաշխարհային տնտեսության հիմնական խնդիրը: Որովհետեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը օֆշորային գոտիներում անհայտ ծագման  գումարների, հարկերից խուսափող գործարարների կամ չինովնիկների` ապօրինի եղանակով կուտակած գումարների հայտնվելն էր», — նշեց պարոն Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ Global Financial Integrity-ի հետազոտության արդյունքները արժանահավատ են, որովհետեւ, նախ, այս կենտրոնը ներկայացնում է Համաշխարհային բանկը: Խաչատրյանի խոսքով, միջազգային աուդիտորական ընկերությունները այս կամ այն երկրի վերաբերյալ եզրակացություն տալիս հենվում են նաեւ այս կենտրոնի տվյալների վրա:

«Վերջին չորս տարվա մեջ խաղի կանոններն այս ոլորտում փոխվեցին եւ այդ տեղեկությունները ավելի թափանցիկ դարձան: Դրա արդյունքում էլ հնարավոր դարձավ նման վերլուծություններ կատարել: Այդ թվերն ինչ-որ ձեւով հնարված կամ քաղաքական նպատակահարմարությունից դրդված լինել չեն կարող. սրանք զուտ մասնագիտական, բավականին լուրջ վերլուծության արդյունք են», — նշեց տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանի խոսքով, վերջին տարիներին ֆինանսական հոսքերի թափանցիկության ավելացման հետեւանքով էլ հենց Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիծները կտրուկ նվազել են: Որովհետեւ, ըստ տնտեսագետի, միջազգային ֆինանսական հոսքերի վերահսկողությունը համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամից հետո մեծացել է, եւ ցանկացած շարժի դեպքում միջազգային ֆինանսական կազմակերպությունները տեղեկանում են  դրանց մասին: Արդյունքում`այն ապօրինի գումարները, որոնք մտնում էին Հայաստան (հիմնականում` Ռուսաստանից) եւ դուրս հոսում դեպի օֆշորային գոտիներ, այսօր արդեն վերահսկվում են:

«Իզուր չէ, որ Հայաստանն այն տարիներին անվանում էին ֆինանսական «լվացքի մեքենա»: Հիմա, քանի որ ֆինանսական հոսքերի նկատմամբ հսկողությունը մեծացել է, այդ ամենն ավելի դժվարացել է: Ռեալ ներդրումների թիվը չի փոխվել, ընդամենն այդ սեւ գումարների շրջանառությունն է նվազել: Ուղղակի ներդրումները նրանք են, որոնք, Արմեն Մովսիսյանի սիրած բառով` «քյաշ» մտել են Հայաստան եւ ներդրվել որեւէ, ասենք` հեռահաղորդակցության կամ այլ բնագավառում», — նշեց փորձագետը:

Վահագն Խաչատրյանը նշեց նաեւ, որ  Global Financial Integrity-ի փաստաթուղթը համահունչ է ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության կողմից շաբաթներ առաջ Կառավարությանը ներկայացրած «Համակարգված եւ համատարած կոռուպցիա» վերնագրով հարցապնդմանը, որտեղ նշվել էր, որ բյուջե չի մտնում տարեկան շուրջ 750 միլիոն դոլար, եւ ստվերային տնտեսությունը կազմում է առնվազն ՀՆԱ 40 տոկոսը:

«Այս ամենը հենց սրա արտացոլումն է` այդ գումարները ոչ օրինական ճանապարհով դուրս են գալիս Հյաստանից», — ամփոփեց տնտեսագետը: 

Նախորդ հոդվածը‘Դավիթաշենում գազ ու լույս չկա’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Որքան արագ է պտտվում այս անիծյալ, խենթ մոլորակը’