‘Վահե Հովհաննիսյան. Իմ տպավորությամբ՝ համաձայնագրերի մշակման ժամանակ հայկական կողմը բացակայել է’

1163

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը iLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ գազային համաձայնագրերին՝ ասելով, որ իր տպավորությամբ՝ համաձայնագրերի մշակման ժամանակ հայկական կողմը բացակայել է բանակցությունների սեղանից: «Ռուսական կողմին բանակցությունների ընթացքում հաջողվել է ստանալ փայլուն համաձայնագիր՝ ռուսական պետության համար: Հայկական կողմին չի հաջողվել պաշտպանել ՀՀ շահերը: Սա այս համաձայնագրի վերաբերյալ իմ սկզբունքային մոտեցումն է: Սա է այն ելակետային պահը, որից պետք է կառուցվեն վերլուծություններն ու քննարկումները: Ընդհանրապես, ցանկացած բանակցություն ենթադրում է նվազագույնը երկու կողմ: Տվյալ համաձայնագիրը կարդալիս տպավորություն է, որ հայկական կողմը, տվյալ դեպքում՝ ՀՀ կառավարությունը, բացակայել է բանակցությունների սեղանից: Ընդ որում, պետք չէ քննադատության սլաքն ուղղել ռուսական կողմի վրա. ՌԴ վերջին օրերի համաձայնագրերն այլ պետությունների հետ ցույց են տալիս, որ երբ դիմացը լինում է պետական շահի հստակ գիտակցմամբ արժանապատիվ ընդդիմախոս, ապա ՌԴ-ն ճկուն բանակցող է դառնում, եւ համաձայնագրերն ի վերջո լինում են փոխադարձ շահավետ: Եվ վերջապես՝ այս համաձայնագիրը, որ մենք քննարկում ենք խորհրդարանում, բավական մութ մի պատմության փուլերից մեկն է: Իմ գործընկերներից շատերն են արձանագրել այս փաստը, որ վերջին տարիներին տեղի են ունեցել հասարակության համար ոչ թափանցիկ բանակցություններ եւ գործարքներ, եւ ես կարծում եմ, որ հետագայում նույնպես այս մութ պատմությունը ունենալու է շարունակություն»,- ասաց նա:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Եթե այսպես շարունակվի, ապա իշխանությունները կվաճառեն ողջ Հայաստանը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ովքեր կսեղմեն սույն համաձայնագիրը հաստատող կոճակը, համարվելու են պետական դավաճաններ. Ցուցարարների հայտարարությունը ‘