‘Վանաձորի մանկապարտեզները քաղաքապետի ազգի կանանց մենաշնորհն են (տեսանյութ)’

1169

Վանաձորի ավագանու երեկվա նիստում, բացի Արամ Խաչատրյանից, ավագանու մյուս բոլոր անդամներն անխոս կողմ քվեարկեցին քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից իր բաջանաղի դստեր՝ Գայանե Սաշայի Գոգինյանի՝ թիվ 24 մանկապարտեզում տնօրենի թեկնածությանը: Այս մասին գրում է «Հրապարակը»:

Մամուլը բազմիցս է անդրադարձել, որ Վանաձորի մանկապարտեզները Դարբինյան ազգի կանանց մենաշնորհն են: Ավագանու անդամ Արամ Խաչատրյանը նկատեց, որ քաղաքապետի ու նրա «մեծ ընտանիքի» նկատմամբ ոչ մի թշնամանք չունի, բայց դեմ է նրա այս և ընդհանրապես՝ իր ազգականներին ղեկավար պաշտոններում նշանակելու կադրային քաղաքականությանը, ինչը, ի դեպ, չի ընդունվում նաև հանրության կողմից: Մինչդեռ Դարբինյանին նախորդած քաղաքապետերը չեն առաջնորդվել այս գործելաոճով: «Արդյոք Ձեր կադրային բանկում ուրիշ թեկնածուներ չկա՞ն»,-քաղաքապետին հարց ուղղեց Խաչատրյանը:

Քաղաքապետ Դարբինյանը, իհարկե, սկսեց գովաբանել ազգականուհուն, թե 10 տարի նույն մանկապարտեզում փոխտնօրեն է աշխատել, լավ է տիրապետում մանկապարտեզի աշխատանքներին, դրա համար էլ հենց նշանակվել է այդ պաշտոնում: Հավելեց նաև, որ «ով ավելի շատ է իր պահանջները կատարում, նա էլ ամենալավ աշխատողի գնահատականն է ստանում»:

Բայց մանկապարտեզի նորաթուխ վարիչն ամենևին մորաքրոջ ամուսնու գովեստների կարիքը չունի, որովհետև շատ խոսուն կենսագրությունն ինքնին արդեն ամեն ինչ ասում է նրա «աշխատասեր» և «նպատակասլաց» կերպարի մասին: 1991 թվականին դպրոցն ավարտելով՝ միջնակարգ կրթությամբ Գայանե Գոգինյանն աշխատանքի է ընդունվել Գյումրու դպրոցներից մեկում՝ որպես դասվար: 3 տարի անց առաջընթաց է արձանագրել՝ տեղափոխվելով այլ աշխատանքի՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի 4-6-րդ դասարաններում: Այստեղ 2 տարի աշխատելուց հետո որոշել է զարգացնել գիտելիքները. ընդունվել է Ստեփանավանում ինչ-որ «Լոռե» կոչվող համալսարան՝ տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտությամբ: 2004-ից Գայանե Գոգինյանը վերջապես հաստատվել է Վանաձորում՝ թիվ 24 մանկապարտեզում՝ երբևէ տնօրենի պաշտոնը ձեռք բերելու վճռականությամբ:

Նախորդ հոդվածը‘Լուիս Սուարես. «Երազանքներս հօդս չեն ցնդել «Ոսկե գնդակի» թեկնածուների շարքում չլինելու պատճառով»’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016-ի թալիսմանը կիսով չափ տղա է, կիսով չափ` հետաքրքրասեր սուպերհերոս (լուսանկարներ)’