‘
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել է Բավրայի հսկիչ-անցագրային կետում և բերման է ենթարկվել: Այս մասին iLur.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Վերջինս նշեց, թե Սպարտակ Ղուկասյանը ցուցմունք է տվել, սակայն նախաքննության շահերից ելնելով` չմանրամասնեց, թե Ղուկասյանն ինչ է ասել:
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ, հայտարարվել էր հետախուզում: Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով նա ներգրավված է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ ու 235 հոդվածի առաջին մասերով (Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը):
Օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց մի խումբ անձինք վիճաբանություն էին հրահրել, ծեծի ենթարկել միմյանց, հնչել էին նաև կրակոցներ:
‘