‘Վարչապետի կինը ՀՀ պատվիրակության կազմում է. Նա ևս ներկա է եղել Դարոն Աջեմօղլուի հետ հանդիպմանը (լուսանկար)’

779

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան: Կառավարության ղեկավարը շրջել է համալսարանում և ծանոթացել տեխնոլոգիական այն նորարարություններին, որոնք իրականացվում են ուսումնական հաստատությունում, հայտնում է Կառավարության պաշտոնական կայքը:

Համալսարանում Տիգրան Սարգսյանը հանդիպել է աշխարհում ժամանակակից տաս լավագույն տնտեսագետներից մեկի համարումն ունեցող պոլսահայ Դարոն Աջեմօղլուի հետ: Քննարկվել են համաշխարհային տնտեսության ժամանակակից մարտահրավերները, մասնավորապես Հայաստանի տնտեսության անցյալին, ներկային և ապագային վերաբերող հարցեր:

Աջեմօղլուն նշել է, որ հանդիպման արդյունքում իր համար նոր բացահայտումներ է արել Հայաստանի մասին և առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստվում է այցելել հայրենիք:

Այնուհետև Տիգրան Սարգսայանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական hամալսարանում հանդիպել է նահանգի համալսարաններում կրթություն ստացող հայազգի ուսանողներին, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Կայացել է նաև ՀՀ վարչապետի և Բոստոնի հայ համայնքի հանդիպումը: Տիգրան Սարգսյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից հայ-ամերիկյան բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար Փիթեր Կոտունջյանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով, իսկ Նուբար Աֆեյանը հայրենանվեր գործունեության համար խրախուսվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Մեր կողմից հիշեցնենք, որ օրերս «Առավոտը» գրել էր, որ կառավարությունը առանց որոշման գործուղման է ուղարկում ՀՀ վարչապետին ու պաշտոնատար այլ անձանց և լռում վարչապետի կնոջ՝ պատվիրակության կազմում լինել-չլինելու, արվելիք կամ չարվելիք ծախսերի մասին: Փաստորեն, պաշտոնական հաղորդագրությանը կից լուսանկարից պարզ է դառնում, որ վարչապետի կինը ևս ՀՀ պատվիրակության կազում է:

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Քլինթոնը հաշվետվություն կներկայացնի Բենգազիի դեպքերի առնչությամբ’
Հաջորդ հոդվածը‘Վահե Հովհաննիսյան. ներքաղաքական հարցերը, կարծում եմ, այս պահից սկսած՝ ինձ միառժամանակ քիչ կհետաքրքրեն ‘