‘Վերամիավորման տոն չի լինի’

1061

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն է տվել դեկտեմբերի 1-ը Վերամիավորման տոն հռչակելու Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած առաջարկությանը: Կառավարության հիմնավորմամբ, ԼՂՀ ժողովրդի ազատ կամքը դրսևորվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ պետության հռչակմամբ և վերահաստատվել է 2006 թ. հանրաքվեով ԼՂՀ սահմանադրության ընդունմամբ։

Գործադիրը քննարկել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագիծը, որով ԱԺ մի խումբ պատգամավորներ առաջարկում են նպատակային արձակուրդի, այդ թվում նաև հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակ պահպանել աշխատողի աշխատատեղը։ Նշվել է, որ փոփոխության անհրաժեշտությունը չկա, քանի որ այդ նորմն արդեն իսկ առկա է օրենսգրքի 114-րդ հոդվածում։ Միաժամանակ առաջարկվել է օրենքի նախագիծը շարադրել նոր խմբագրությամբ, որից հետո այն ընդունելի կլինի կառավարության կողմից։

Կառավարությունը քննության է առել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նախագծով առաջարկվում է միջոցներ ձեռնարկել կանոնակարգը խախտող պատգամավորների նկատմամբ, ինչին կառավարությունը դեմ է արտահայտվել` նշելով, որ այդ հարցերը պետք է լինեն Էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա։

Գործադիրը դեմ է նաև ԱԺ մեկ այլ խումբ պատգամավորների` նույն օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը, որը, հեղինակների կարծիքով, կարող է նպաստել, որպեսզի ընդդիմության խմբակցություններում չընդգրկված պատգամավորներն ավելի արդյունավետ օգտվեն կառավարությանը հարց ուղղելու հնարավորությունից։

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան կինոակադեմիան պատրաստվում է հրապարակել «Օսկարի» հավակնորդների ցուցակը’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը կմեծացնի Ադրբեջանին մատակարարվող սպառազինության ծավալները’