‘
Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածների վիճակը «Արմենիա» բժշկական կենտրոնի մասնագետները գնահատում են ծանր։ Երկուսն էլ գիտակից վիճակում են ։ Նրանցից մեկին, ում մոտ ախտորոշվել են գլխուղեղի ցնցում և սալջարդ, կողոսկրերի կոտրվածքներ` այսօր կվիրահատեն, քանի որ վնասվել է փայծաղը, iLur.am-ի հայտնեցին առողջապահության նախարարությունից:
Երկրորդ տուժածի մոտ ախտորոշվել է սուր գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, սուր շնչառական անբավարարություն։
Հիշեցնենք, որ երեկ Երեւանի Սասնա ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի 17-րդ հարկից, դեռ չպարզված հանգամանքներում, վերելակի ճոպանը պոկվել է, ինչի հետևանքով վերելակն ընկել է հորանում աշխատողների վրա: Կա երկու զոհ, երկու վիրավոր:
‘