‘Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ. Գյուղացիները բողոքով հասել են Երևան, «որովհետև վստահությունը կորել է արդարադատության նկատմամբ» ‘

1138

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի տասնյակ բնակիչներ եկել էին Երևան և բողոքի ցույց են իրականացնել նախագահականի դիմաց: Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին վերինկարմիրաղբյուրցիները լուրջ խնդրի առաջ էին կանգնել: «Եղվարդշին» շինարարական ընկերության կողմից  գյուղի այգիների մոտ կատարած եռակցման աշխատանքների պատճառով 12 հեկտար հողատարածք էր այրվել, սակայն, ընկերությունը հրաժարվել էր փոխհատուցում տալ:

Ilur.am-ը զրուցեց Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանի հետ: Վերջինիս խոսքերով՝ ինքը քաջատեղյակ էր տեղի ունեցած ակցիայի մասին: Թե ինչո՞ւ են գյուղացիները իրենց բողոքով Երևան հասել, ըստ Չոբանյանի, «որովհետև վստահությունը կորել է արդարադատության նկատմամբ»: Նա տեղեկացրեց, որ քննչական մարմինը գործը ուսումնասիրել է, սակայն գյուղացիների կրած վնասի չափը որոշելու նպատակով՝ ՀՀ Արդարադատության նախարարությունից այդպես էլ փորձագետ չեն տրամադրել՝ մասնագետ չունենալու պատճառաբանությամբ: Թե որքա՞ն ժամանակ կպահանջվի փորձագետ գտնելու համար, պարզ չէ: Պարզ է միայն այն, որ իր մեղքի բաժինը մասնակիորեն ընդունած «Եղվարդշին» շինարարական ընկերության և գյուղացիների պատկերացումները՝ վնասի չափի վերաբերյալ, էապես տարբերվում են:

Հիշեցնենք, որ հրդեհի արդյունքում, ընդհանուր առմամբ, այրվել են 37 ընտանիքի պատկանող 12 հեկտար բերքատու այգիներ, մեկ դաշտային տնակ, մեկ տասնյակ մեղվափեթակ, հասցվել է մոտ 60 միլիոն դրամի վնաս: «Եղվարդշին» ՓԲԸ տնօրեն Սամվել Վարդանյանը, սակայն, news.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե հրդեհն իրենց մեղքով չի եղել, և այրվել է ոչ թե 12 հեկտար հողատարածք, այլ 3-4 բնակչի խաղողի այգի՝ հավելելով, թե երբ կպարզվի, որ ինքը մեղավոր է, հատուցում կտա, «բայց մենք ոչ մի մեղավորություն չունենք»: Նշենք, որ գործը Տավուշի մարզի քննչական բաժնում է:

Նախորդ հոդվածը‘ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմն առաջադրվել է «Էմմի» ամերիկյան մրցանակաբաշխությանը’
Հաջորդ հոդվածը‘Վահան Բաբայան. Իշխանափոխությունը նպատակ չէ, այլ միջոց է’