‘Վերջին բոլշևիկի հերթական բլեֆը’

2664

Եվս մեկ անգամ համոզվեցի, որ ապրում եմ ծուռ հայելիների թագավորությունում, որտեղ ստելը դարձել է ապրելաոճ: Բանից պարզվում է, որ Սերժ Սարգսյանի ազգադավ գործունեության համար բոլորը մեղավոր են, բացի իրենից:
2008 թվականի մարտի 1-ին մայրաքաղաքում մի ողջ ժողովրդի գնդակահարեցին և փորձեցին մեղքը բարդել ժողովրդի վրա՝ ասելով. «Ձեզ ո՞վ էր խնդրել՝ ձեր իրավունքների համար պայքարել»: Երբ ժողովուրդը պահանջեց, որ առնվազն տասը զոհի սպանությունը բացահայտեն՝ նեոբոլշևիկյան մեթոդով հանձնաժողով ստեղծեցին և գործը կոծկեցին:
Ադրբեջանը գնդակոծում է մեր սահմանամերձ գյուղերը: Վերջին բոլշևիկը թերի մշակված հայացքով, ոչ ուղղակի ասում է՝ «Ադրբեջանն է մեղավոր»: Ադրբեջանն իր բանակն արդիականացնելու համար զենք ու տեխնիկա է գնում: ՍՍ-ը փոխանակ ինքն էլ նույնն անի, վազում է Արգենտինա ու այնտեղից հայ ժողովրդի անունից փաստացի հայտարարում, որ Ռուսաստանն է մեղավոր: Սերժ, ինչո՞ւ հայ ժողովրդի անունից, որպեսզի հետո էլ Ռուսաստանին հավատացնես, որ ժողովու՞րդն է մեղավոր: Ժողովուրդը ծայրաստիճան աղքատ է, համաշխարհային ճգնաժա՞մն է մեղավոր: Իր բարեկամներով օր օրի ավելի է հարստանում, այստեղ էլ Սահմանադրությո՞ւնն է մեղավոր: ՀՀ սահմաները բաց են, տեղանքի աշխարհագրական դի՞րքն է մեղավոր: Հիմա էլ տեխնոլոգիա են մշակել: Գնում են մարզեր, մտահոգ, խելացի դեմք ընդունում, թե իբրև մտածում են ժողովրդի մասին, խոստումներ տալիս, իսկ այդ պահին մտածում են՝ «Տեսնես հավատացի՞ն»:
ՍՍ-ն իր նեոբոլշևիկներով ժողովրդին դարձրել է քաղտեխնոլոգիաների փորձարկման առարկա: Հիմա էլ իմիտացիա են անում, թե պայքարում են ստվերի դեմ:
Հարգելի՛ ժողովուրդ, այս նեոբոլշևիկները մեզ հիմարի տեղ են դրել՝ իբրև պայքարում են մի երևույթի դեմ (ստվերի), որը գոյություն չունի:
Ինչ ստվերի մասին կարող է խոսք լինել, երբ բուրգի գագաթին գտնվող վերջին բոլշևիկը տեղյակ է ամեն մի լումայի տեղաշարժի մասին՝ անգիր իմանալով՝ ով ինչ բիզնես ունի և ինչքան եկամուտ:
Այսինքն, սրանք Հայաստանում ստեղծել են քրեաօլիգարխիկ համակարգ, իրեն սպասարկող ենթակառուցվածքներով: Պարզ ասած՝ պետության մեջ «պետություն»: Երբ խոսում են տնտեսական աճից, դա պետբյուջեի հետ որևէ կապ չունի, դա իրենց «բյուջեին» է վերաբերվում:
Հարգելի՛ ժողովուրդ, վերջին բոլշևիկը ստերով, բլեֆներով, կեղծ հայրենասիրական ելույթներով ընդամենը փորձում է ձեր ուշադրությունը շեղել կարևորագույն հարցից՝ իշխանափոխությունից:
Հետևաբար ՍՍ-ին հիշեցնում եմ Աբրահամ Լինքոլնի խոսքերը. «Հնարավոր է մշտապես խաբել ժողովրդի մի մասին, բոլորին՝ որոշ ժամանակ, սակայն հնարավոր չէ մշտապես խաբել բոլորին»:

Վահագն Խաչատրյան   

Նախորդ հոդվածը‘Ճապոնիան նախատեսում է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Ռիբերի. Լևանդովսկին «Բավարիային» մեծ оգուտ կբերի’