‘Վլադիմիր Կարապետյան. Աշխատանքային խմբի թե ստեղծումը եւ թե «գործունեությունը» իրականացվել է հանրության աչքից հեռու ‘

1469

«Այն ինչ կատարվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները իրականացնելու նպատակով Ս. Սարգսյանի ստեղծած աշխատանքային խմբի հետ լավագույնս բնութագրում է իշխանությունների բնույթը»,- այդ մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց Հայ ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Տալիավինիի հետ հանդիպման ժամանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, թե անցած տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ընտրական բարեփոխումների նպատակով: Խմբի ղեկավարը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է, խմբի կազմում են Դավիթ Հարությունյանը, Տիգրան Մուկուչյանը, Հրայր Թովմասյանը եւ այլոք:

Նալբանդյանի այս հայտարարությունը բավականին անակնկալ էր, քանի որ չէր հրապարակվել ոչ միայն Սերժ Սարգսյանի կարգադրությունը, այլեւ` խմբի գործունեության հետ կապված որեւէ տեղեկություն չի հաղորդվել:

Վլադիմիր Կարապետյանն ասում է, որ «ներկայացուցչական աշխատանքային խմբի թե ստեղծումը եւ թե «գործունեությունը» իրականացվել է հանրության աչքից հեռու, ոչ հրապարակային»:

«Թեեւ մեզանում այսօր ավելի կարեւոր հարց չկա, քան ընտրությունների վստահելիությունը, նման գործողություններով իշխանությունները միայն խորացնում են հասարակության անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ:  Հայտնի է, որ միջազգային հանրությունը /ԵՄ ղեկավարությունը, ԵԽԽՎ, ԱՄՆ/ միահամուռ աջակցություն հայտնեց ավելի քան երկու տասնյակ առաջարկություններին, որ արել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը` խորհրդարանական ընտրություններից հետո: Բոլոր այդ առաջարկությունները պետք է իրագործվեին Հայաստանի կողմից մինչեւ նախագահական ընտրությունները, այնինչ, այս ուղղությամբ որեւէ բան արված չէ: ՀՀԿ-ն նաեւ տորպեդահարեց Հայ Ազգային Կոնգրեսի եւ այլ քաղաքական ուժերի կողմից ի կատարումն միջազգային հանրության պահանջների արված օրենսդրական նախաձեռնությունները: Զարմանալի է, որ ՀԱԿ այդ նախաձեռնության դեմ հանդես եկող ՀՀԿ ներկայացուցիչներից եւ ոչ մեկը անգամ չակնարկեց, որ գոյություն ունի «նույն նպատակների համար«  Ս. Սարգսյանի կողմից ստեղծված աշխատանքային խումբ»,- ասում է Կարապետյանը:

Նրա խոսքով, այսօր էլ ուշ չէ, որ աշխատանքային խմբի ղեկավարը ներկայացնի հաշվետվություն արված գործունեության մասին, մասնավորապես նաեւ ասի, թե այդ ինչ տասնութ հանձարարականների մասին էր նշել ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչության ղեկավարը` նոյեմբերի 1-ին իր ելույթում ԵԱՀԿ մշտական խորհրդում (http://iipdigital.usembassy.gov/st/english/texttrans/2012/11/20121102138203.html): Հասարակությունը իրավունք ունի տեղեկանալու թե ինչու են ընտրվել հանձնարարականներից մի քանիսը եւ ո՞րն է մնացած` ոչ պակաս կարեւոր բարեփոխումների անտեսման պատճառը: Ցանկալի է լսել նաեւ բացատրություններ, թե ինչու այդ աշխատանքային խումբը չցանկացավ լսել քաղաքական ուժերի առաջարկները, մոտեցումներն ու նկատառումները: Չէ՞-որ քաղաքական ուժերն են մասնակցում ընտրություններում եւ նրանք են շահագրգիռ ընտրական գործընթացի թափանցիկության մեջ: Իր վերոնշյալ ելույթում ԱՄՆ դեսպանը հատուկ անդրադարձել էր նաեւ ընտրացուցակների հարցերին, որոնց նկատմամբ կա հարաճուն անվստահություն հանրության կողմից: Հիշեցնեմ, որ Վրաստանում այս հարցը կարգավորելու համար ստեղծվել էր հատուկ հանձնաժողով` իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների կողմից, որը մի քանի ամսվա ընթացքում մշակեց փոխընդունելի մեխանիզմ ընտրացուցակների վերաբերյալ: Բայց սա Վրաստանում, ոչ թե Հայաստանում, ուր հանձնաժողովները ստեղծվում է հանրության եւ հատկապես ընդդիմության աչքից հեռու եւ իշխանության ներկայացուցիչները մոլորեցնում են հանրությանը, իբրեւ մայիսի 6–ի ընտրություններին միջազգային դիտորդական առաքելության դրական գնահատական է տվել, այնինչ հենց ԱՄՆ ներկայացուցչի խոսքում մեջբերված է դիտորդների խիստ քննադատությունը խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ»,- ասում է Կարապետյանը:

Նրա խոսքով, կա եւս մի կարեւոր ասպեկտ, որը բնորոշում է լրատվամիջոցների դիրքավորումը ընտրություններից առաջ: Նորմալ երկրում, ասում է Կարապետյանը, նման արտառոց իրադարձությունը կալեկոծեր լրատվական դաշտը, հատկապես նրանց, որոնք, իբրեւ, քարոզում են Հայաստանի եւրոպական ուղղու օգտին:

«Սակայն զարմանալիորեն հենց այդ լրատվամիջոցներն են լռում, կասկած հարուցելով, որ նրանց «արեւմետամետ բնույթը» տեսանելի է միայն համապատասխան պատվերի շրջանակներում: Նույնպես անհասկանալի է նախագահի թեկնածուների քար լռությունը այնպիսի հարցի վերաբերյալ, որը անմիջականորեն վերաբերում է ընտրական համակարգի բարեփոխումներին. սա լրացուցիչ վկայություն է, որ նրանք ուրիշի նախագծած խաղի մասնակիցն են:

Աշխատանքային խմբի շուրջ ստեղծված իրավիճակը նաեւ փաստում է, որ մեր իշխանությունները գերադասում են հաշվետու լինել ոչ թե սեփական ժողովրդին, այլ` միջազգային կառույցներին: Հենց վերջիններից մենք իմացանք աշխատանքային խմբի գոյության մասին, ինչպես նաեւ այն, որ իշխանությունները մտադիր են կատարել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 26 հանձնարարականներից միայն 18-ը: Հասարակության լռությունը անգամ նման զավեշտալի իրադարձություններից հետո էլ ավելի ստվերային կդարձնի իշխանության գործունեությունը ընտրություններից հետո«,- ասում է Կարապետյանը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դատարանը նեոնացիստ հորն սպանած դպրոցականին մեղավոր է ճանաչել’
Հաջորդ հոդվածը‘9-ամյա Հենրիկ Մխիթարյանը` իր սիրելի ֆուտբոլիստի մասին (Տեսանյութ)’