‘Վրաստանը մտադիր չէ դադարեցնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը’

709

Վրաստանը մտադիր չէ դադարեցնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը, երկուշաբթի օրը մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: «Ոչ ոք չի պատրաստվում դադարեցնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը: Ընդհակառակը, մենք մտադիր ենք աջակցել դրան»,- ասել է վարչապետը:Նա ընդգծել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի իրականացման նախագիծը «շատ ուշագրավ է» աշխարհաքաղաքական տեսակետից, սակայն կան տնտեսական ինչ-ինչ խնդիրներ: «Նոր երկաթուղու շինարարությունը կարող է վրացական նավահանգիստներից և հենց Վրացական երկաթուղուց «փախցնել» բեռնափոխադրումները, ուստի մենք պետք է բանակցենք մեր հարևանների, առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ»,- ասել է նա: Իվանիշվիլին նշել է, որ Վրաստանի երկաթուղին զարգացնելու վրա փողեր են ծախսվում, և դա որոշակի հարցերի տեղիք է տալիս: «Իմ հարցերը հասել են հասցեատիրոջը, և մենք քննարկում ենք դրանք»,- ասել է նա: Վարչապետն ընդգծել է, որ այդ նախագծի հետ կապված՝  շատ հարցեր կան, որոնք նա մտադիր է քննարկել դեկտեմբերի 26-ին Բաքու կատարելիք այցի ընթացքում:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվում է  ադրբեջանա- վրացա- թուրքական միջպետական պայմանագրի հիման վրա: Ադրբեջանը վրացական հատվածի շինարարության համար հատկացրել է 775 միլիոն դոլարի վարկ: Բաքու-Թբիլիսի-Կարսի նախագծի շրջանակներում նախատեսված է կառուցել երկաթգծի նոր՝ 105 կիլոմետրանոց ճյուղ: Բացի դրանից՝ Վրաստանում կվերակազմավորվի երկաթգծի Ախալքալաք-Մարաբդա- Թբիլիսի  հատվածը, ինչը նրա թողունակությունը կբարձրացնի մինչև տարեկան 15 միլիոն տոննա բեռ: Ախալքալաքում նախատեսվում է Վրաստանում գործող երկաթուղագծի փոխարեն կառուցել գնացքների գծափոխադրման եվրոպական կայան: Միջանցքի առավելագույն թողունակությունը կկազմի 17 միլիոն տոննա բեռ:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն այցելել է Արցախի վերահսկիչ պալատ’
Հաջորդ հոդվածը‘Փակ է Ջաջուռի լեռնանցքը’