‘
Վրաստանում պաշտոնաթող է եղել պատիժների իրականացման հարցերով նախարար Խաթունա Կալմախելիձեն, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
Կալմախելիձեն այդ որոշումն ընդունել է Գլդանի թիվ 8 բանտում կտտանքների առնչությամբ ծագած սկանդալի պատճառով: Նախարարի հրաժարականի նախօրեին Վրաստանում մի տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես են ծեծում և բռնաբարում դատապարտյալներին:
«Այն, ինչ կատարվել է պատիժը կրելու թիվ 8 հիմնարկում, սահմռկեցուցիչ է »,- հայտարարել է Կալմախելիձեն և հավելել. «Իմ ղեկավարման ժամանակահատվածում ես փորձել եմ պաշտպանել մարդու իրավունքները, բայց ինչպես երևում է, այդ ջանքերը բավարար չէին»:
Հիշեցնենք, որ Գլդանի բանտի շուրջ սկանդալը ծագել է սեպտեմբերի 18-ին, երբ բանտի մի խումբ աշխատակիցներ ձերբակալվեցին դատապարտյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով:
Սկանդալային միջադեպին արձագանքել է նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նա հայտարարել է, որ ցնցված է իր տեսածից և խոստացել է, որ բոլոր մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն:
‘