‘ՀԱՊԿ զորավարժությունն ավարտված է, պայմանական հակառակորդը` ոչնչացված’

1010

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում ավարտվեց «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը. պայմանական հակառակորդը ոչնչացված է: Զորավարժություններին մասնակցեցին շուրջ 2 հազար մարդ, 500 միավոր զրահատեխնիկա: Օգտագործվեց զինամթերք` ներառյալ օդուժի ռմբանետում, հրետանու, տանկերի եւ հետեւակի մարտական մեքենաների կրակ, շարժական զենիթահրթիռային համալիրների արձակումներ:

Ինչպես հաղորդում է ilur.am-ը, հղում կատարելով «Արմենպրես»-ին՝ զորավարժություններն ընթացան ըստ նախապես կազմված պլանի: Պլանը հետեւյալն էր` օգոստոսի երկրորդ կեսին եւ սեպտեմբերի սկզբին կտրուկ կերպով սրվում է իրավիճակը «Սեւանիայում», հատկապես «Դալարիկի» շրջանում: Օգտագործելով ստեղծված իրավիճակը` ոչ կանոնավոր զինված, բանդիտական եւ ահաբեկչական խմբավորումները պլանավորում են անցնել քաղաքացիական անհնազանդությունից ակտիվ գործողությունների` այդ թվում զենքի օգտագործմամբ եւ ահաբեկչական գործողություններով: Ծայրահեղական կազմակերպությունները, անօրինական զինված խմբավորումները, ահաբեկչական խմբերը եւ բանդաները կարող են իրականացնել մի շարք խոշոր ահաբեկչական գործողություններ, որոնց նպատակն է մասսայական անկարգությունների հրահրումը, պետական նշանակության օբյեկտների զավթումը, տեղական ինքնակառավարման իշխանությունների զավթումը, եւ հետագայում որպես սուվերեն պետություն հայտարարումը: «Զանգերիան», ստրատեգիական զորավարժության իրականացման պատրվակով, սկսում է իր միացյալ զինված ուժերի կենտրոնացումը Սեւանիայի հետ սահմանակից շրջաններում` նպատակ ունենալով դրսեւորել ուժի կիրառում:

«Բուռնաստանը», օգտագործելով ստեղծված իրավիճակը եւ «Սեւանիայի» ԶՈւ մեծ մասի կենտրոնացումը «Զանգերիայի» հետ սահմանին` իրականացնում է զինված պրովոկացիաներ սահմանակից շրջաններում, որոնց ընթացքում առանձին զորամիավորումների ուժերով փորձեր են ձեռնարկվել մուտք գործել «վիճելի տարածք»` նպատակ ունենալով ստիպել «Սեւանիային» ձեռնարկել կտրուկ պատասխան քայլեր:

Օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերի պատասխանատվության տարածքում կարող են գործել անկանոն զինված խմբավորումներ, ծայրահեղական եւ ահաբեկչական զորախմբեր` ընդհանուր թվով մոտ յոթ հարյուր մարդ:

Հակառակորդի գործողությունների էությունը կարող է լինել.

«Դալարիկի» շրջանում գործող զինված խմբավորումների ուժեղացման համար հնարավոր է փոքր անկանոն զինված խմբերի մուտքը Բուռնաստանի տարածքից` պետական սահմանով դեպի Դալարիկի բնակելի տարածքներ: Անցնելով հարձակման «Կարմիլյուկ», «Արեւիկ» ուղղությամբ` հակառակորդը կձգտի միանալ «Արեւիկում» կենտրոնացած զինված խմբավորումների հետ` նպատակ ունենալով մաքրել բնակելի տարածքները կենտրոնական իշխանություններին լոյալ մարդկանցից եւ հաստատել վերահսկողություն շրջակա բնակավայրերի նկատմամբ: Հետագայում նրանք կարող են իրականացնել մի շարք խոշոր ահաբեկչական գործողություններ, գրավել պետական նշանակության օբյեկտներ, այդ թվում` Մեծամորի ատոմակայանը:

Ատոմակայանի զավթումը կարող է «Սեւանիային» շանտաժի ենթարկելու միջոց դառնալ` նպատակ ունենալով անջատել «Դալարիկի» շրջանը, ինչպես նաեւ առիթ դառնալ «Բուռնաստանի» եւ «Զանգերիայի» համար` «Սեւանիայի» տարածք զորքեր մտցնելու: Ռազմական գործողությունների ընթացքում եւ նախապատրաստական փուլում հնարավոր է հետախուզական ինքնաթիռների թռիչք պետական սահմանի երկայնքով, ինչպես նաեւ ՕԱՀԶ պատասխանատվության տարածքում եւ ԱԷԿ-ի շրջանում: ՕԱՀԶ-ի պատասխանատվության շրջանում կարող են լինել մինչեւ յոթ հարյուր հոգանոց զինված խմբավորումներ, որոնք կարող են զինված լինել ականանետներով, հակատանկային նռնականետերով, խոշոր կալիբրի գնդացրերով: Հակառակորդի խոցումն իրականացնել` նպատակ ունենալով ստիպել նրան զինաթափվել:

Զորավարժությանը հետեւել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, մասնակից երկրների, ինչպես նաեւ ՀԱՊԿ քարտուղարության, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ներկայացուցիչները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թ-ի մայիսի 15-ին: Պայմանագիրը ստորագրող պետությունների թվում էր նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Կազմակերպությանն անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի բանտերից մեկում ծագած սկանդալը ստիպեց նախարարին հրաժարական տալ’
Հաջորդ հոդվածը‘Դավութօղլուն Կանադայում կմասնակցի հայ վրիժառուի ձեռքով սպանված թուրք դիվանագետին նվիրված հուշարձանի բացմանը ‘