‘Վրաստանի հայկական կազմակերպությունները պահանջում են խստորեն պատժել եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպի մեղավորներին’

823

Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը դատապարտում է հայկական եկեղեցու վրա հարձակումը և պահանջում է Վրաստանի իշխանություններից օրենքի ողջ խստությամբ պատժել հայ առաքելական եկեղեցու վրա հարձակված հանցագործներին և տեղի ունեցածի առիթով հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է.

Հուլիսի 19-ի երեկոյան Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային և կրոնական ատելությամբ դրդված մի խումբ վրացիներ (մոտ 50 հոգի), իրականացրել են ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Հարձակման ընթացքում տուժել են ինչպես հոգեւորականները, այնպես էլ եկեղեցու հավատացյալները: Հարձակման պատճառով մարմնական վնասվածքներ են ստացել եկեղեցու հոգևորականները եւ Առաջնորդարանի աշխատակիցները:

Սամցխե-Ջավախք եւ Քվեմո-Քարթլի տարածաշրջանների հայ հասարակությունը խորապես մտահոգված և վրդովված է տեղի ունեցածով, քանզի բոլորը քաջ գիտակցում են, որ տվյալ հարձակումը տեղի է ունեցել կրոնական և ազգային ատելության հողի վրա, ինչի սերմերը, ցավոք, վաղուց արդեն սերմանվում են վրաց հասարակության մեջ:

Այն, ինչ տեղի է ունեցել Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում, քայլ է՝ ուղղված մեր երկրի Եվրամիությանն անդամակցության, հասարակական կայունության և պետականության դեմ։ Այդ իսկ պատճառով իշխանությունները պարտավոր են, ի ցույց երկրի ողջ հասարակության, օրենքի ողջ խստությամբ իրական պատասխանատվության ենթարկել հարձակման պատվիրատուներին, կազմակերպիչներին և հարձակումը կատարողներին: Կոչ ենք անում նաեւ Վրաստանում գործող բոլոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցներին, Եվրոպական դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ուշադրությամբ հետեւել ազգային և կրոնական հողի վրա տեղի ունեցած ոճրագործության բացահայտման ու մեղավորների պատժման գործընթացին:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Թանկյանը դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայում’
Հաջորդ հոդվածը‘Սերժիկի նախավերջին հույսը’