‘Վրաստանի նախընտրական գործընթացներում Ռուսաստանից միլիարդավոր դոլարներ են հոսում Վրաստան. Սահակաշվիլի’

782

Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից Ռուսաստանին մեղադրել է իր երկրում խորհրդարանական ընտրությունների վրա ազդելու փորձերի մեջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Երեքշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում` Սահակաշվիլին ասել է, թե ժողովրդավարությունը Վրաստանում կպահպանվի այն դեպքում, եթե հոկտեմբերի 1-ի ընտրությունները անցկացվեն առանց դրսի միջամտության։

Նա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է Վրաստանի անվտանգության սպառնալիքների վրա։ Սահակաշվիլին Ռուսաստանին մեղադրել է Վրաստանի գրավված տարածքում՝ Հարավային Օսիայում զինված ուժերը անօրինական ձեւով ավելացնելու մեջ, նշել է, որ հենց նախընտրական փուլում Ռուսաստանը «Կովկաս — 2012» լայնածավալ զորավարժություններ անցկացրեց, ու նաեւ հայտարարել է, թե Վրաստանի նախընտրական գործընթացներում Ռուսաստանից միլիարդավոր դոլարներ են հոսում Վրաստան։

Վրաստանի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել չանտեսել այս իրադարձությունները եւ աջակցել իր երկրի անկախ ժողովրդավարական ինստիտուտներին։

«Ձեր զգոնությունը անհրաժեշտ է, որպեսզի պատմությունը չկրկնվի` 2012-ին չկրկնվեն 2008-ի կամ 1921-ի իրադարձությունները, երբ Ռուսաստանը վերջ դրեց մեր անկախությանը», — հայտարարել է Սահակաշվիլին։

«Վրաստանի ժողովրդավարությունը երիտասարդ է, մենք բացել ենք դռները եւ հրավիրել դիտորդների։ Համոզված եմ, որ ընտրություններում ժողովուրդը կմերժի նրանց, ովքեր ցանկանում են երկիրը զրկել ապագայից», — ասել է  նա։

Վրաստանի նախագահը խոստացել է, որ հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները ավելի ազատ եւ թափանցիկ կլինեն, քան նախորդ ընտրությունները։

Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը Սահակաշվիլիի այցի մասին հաղորդել է, որ նա Միացյալ Նահանգներում նաեւ երկկողմ բարձր մակարդակի հանդիպումներ է ունենալու, բայց չնշելով, թե կոնկրետ ինչ հանդիպումներ են պլանավորված։

Նախորդ հոդվածը‘Բարաք Օբամա. Իրանի կառավարությունը շարունակում է աջակցել Դամասկոսի բռնապետին’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է ‘