‘
Վրաստանի ՊՆ-ում կազմվել է մասնագետների մի խումբ, որն ուսումնասիրելու և քննության է ենթարկելու անկախության ձեռքբերումից հետո զինված հակամարտություններում վրացական բանակի թույլ տված սխալներն ու վրիպումները, ВЗГЛЯД-ի փոխանցմամբ՝ հայտարարել է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Ըստ Ալասանիայի՝ այդ խմբում ընդգրկվել են 1989-1992,2004-2008 թթ. Հարավային Օսիայի, ինչպես նաև՝ 1992-1993 թթ. Աբխազիայի հակամարտությունների մասնակիցներ: «Հարկավոր է ուսումնասիրել սխալները, ներգրավել հասարակությանը, լսել նախկին նախարարներին: Առանց այդ փորձն ուսումնասիրելու՝ սխալների կրկնությունից չենք խուսափի»,- ասել է Ալասանիան: Խոսելով 2008 թ. պատերազմի համար Վրաստանի քաղաքական գործիչների պատասխանատվության հարցը բարձրացնելու մասին՝ Ալասանիան նկատել է, որ արժե այդ գործում ներգրավել նաև միջազգային փորձագետների, սակայն «քանի դեռ երկրի նախագահը Սաակաշվիլին է, դա քիչ հավանական է»:
Ավելի վաղ Վրաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ առաջին անգամ պահեստային համակարգը փլվել է Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ, քանի որ «սխալ է կազմակերպվել»: «Հետո պահեստայիններին հավաքագրում էին քաղաքական նկատառումներով, Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում էր պահեստայիններին օգտագործել ընդդեմ քաղաքական ընդդիմախոսների»,- հաղորդել է ՊՆ իրազեկ աղբյուրը:
‘