‘«Վրացական երազանք». Սաակաշվիլին անձեռնմխելիության երաշխիքներ չունի’

637

Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան երկուշաբթի հայտարարել է, որ սխալ է այն կարծիքը, թե նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անձեռնմխելիության երաշխիքներ է ստացել ԱՄՆ-ից, և եթե անգամ հաստատվեն նրա կողմից կատարված իրավախախտումները, նա չի կանգնի օրենքի առջև, հաղորդում է ВЗГЛЯД-ի թղթակիցը Թբիլիսիից: «Դա սխալ կարծիք է,- հայտարարել է Ալասանիան: — Եթե որևէ մեկը հանցանք է գործել, նա չի կարող անձեռնմխելիություն ունենալ: Ոչ մեկը, սկսած նախագահից՝ մինչև ցանկացած պաշտոնյա: Օրենք խախտողը պատժից չի խուսափի»,- ընդգծել է Ալասանիան:

Իսկ արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին էլ «Մաեստրո» հեռուստաալիքով հայտարարել է, թե նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի անունն «արծարծվում է տարբեր գործերում», այդ թվում, օրինակ, 2006 թ. ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բանկային պաշտոնյա Սանդրո Գիրգվլիանիի դաժան սպանության գործում, որի բացահայտմանը «խոչընդոտել են Վրաստանի նախկին իշխանությունները»,- ասել է նախարարը:

ВЗГЛЯД-ի հաղորդման համաձայն՝ Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին կիրակի օրը կոչ է արել նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին՝ «տղամարդկություն դրսևորել» և խոստովանել, որ ինքը փորձել է կեղծ անձնագրով դուրս գալ երկրից ՝ հավելելով, թե չափազանց ամոթալի է, որ նախկին վարչապետը չի ընդունում այդ փաստը:

ՆԳՆ տվյալներով՝ նոյեմբերի 30-ին Մերաբիշվիլին պետպատվիրակության կազմում ժամանել է Թբիլիսիի օդանավակայան՝ Երևան թռչելու նպատակով, սակայն սահմանային անցակետի աշխատակիցը հայտնաբերել է, որ նրա ներկայացրած անձնագիրը «ոմն Լևան Մայսուրաձեի» անունով է, թեև լուսանկարը Մերաբիշվիլիինն է: Պետպատվիրակության այցը Երևան չխոչընդոտելու համար Մերաբիշվիլիին հնարավորություն է տրվել ներկայացնել իսկական անձնագիրը,  նրա նկատմամբ իրավական գործառույթներ չեն կիրառվել, և նա «օդանավակայանից հեռացել է Սաակաշվիլիի շքախմբի հետ միասին»: Նախկին վարչապետը հերքել է այս մեղադրանքը և համոզմունք հայտնել, որ «վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ՆԳՆ-ն և ոստիկանությունն օգտագործում է որպես հալածանքի գործիք: «Մեր թիմին սպառնալիքներով, հարցաքննություններով և ձերբակալություններով չես վախեցնի և չես ստիպի հրաժարվել Վրաստանի համար պայքարից»,- ասել է Մերաբիշվիլին:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ պատվիրակությունը կմեկնի Բրյուսել’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն կգնա՞ Մարտի 1-ի հարցով նոր հանձնաժողովի ստեղծմանը. հրապարակային երաշխիքն արդեն կա ‘