‘Վրաց քաղաքագետ. Եթե ճնշումները չլինեին, ընտրությունները համեմատաբար արդար չէին լինի’

806

Վրաստանում իշխանությունները վարչական ռեսուրս էին օգտագործում, վերահսկում էին լրատվամիջոցների մեծ մասը, և եթե չլինեին քաղաքացիական հասարակության ու միջազգային հանրության ճնշումները, ապա ընտրությունները համեմատաբար արդար չէին ընթանա: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր կազմակերպված «Վրաստանի ընտրություններն ու դրանց ազդեցությունը տարածաշրջանի վրա» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց Վրաստանի Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Գեորգի Թարխան-Մոուրավին:

«Մինչև 2011 թվականն ընդդիմությանը չէր հաջողվում կոնսոլիդացվել, չէր հաջողվում ինչ-որ այլընտրանքային բան առաջարկել: 2011 թվականին հայտնվեց մեկը, որին հաջողվեց կոնսոլիդացնել ընդդիմությանը, հայտնվեցին ֆինանսներ, որոնք երբեք չկային, որովհետև իշխանությունները մինչ այդ ամեն ինչ անում էին ընդդիմությանն առավելագույն դիսկրիմինացիայի ենթարկելու համար», — նշեց Թարխան-Մոուրավին:

Ըստ նրա՝ ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունեցավ նաև «բանտային սկանդալը», որը կարևոր հոգեբանական ազդեցություն ունեցավ: Թարխան-Մոուրավին պատմում է, որ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ Սաակաշվիլին Թբիլիսիում պարտվեց, սակայն նրա օգտին քվեարկեցին մյուս շրջանների բնակիչները: Այսպիսով, ըստ քաղաքագետի՝ այս սկանդալը նպաստեց նրան, որ մի շարք շրջաններում իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը փոխվեց:

«Ընտրություններից հետո մեր հայտնի քաղաքագետներից մեկը հայտարարեց, թե փողերը հաղթեցին ժողովրդավարությանը: Սա ևս մի կարծրատիպ է, որն ընտրություններից հետո փորձում էին հանրայնացնել, որովհետև փողերը հիմնականում օգտագործում էին իշխանությունները, բայց իհարկե, ամեն դեպքում, փողերը շատ կարևոր դեր ունեցան»,- նշեց վրաց քաղաքագետը:

Նախորդ հոդվածը‘Չարլզ Դարվինը ԱՄՆԿոնգրեսի ընտրություններում չորս հազար ձայն է ստացել ‘
Հաջորդ հոդվածը‘ՌԴ գլխավոր շտաբում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել’