‘Տավուշի մարզում եւս հայտնաբերվել է սիբիրյան խոց ‘

636

Տավուշի մարզում վերջին օրերին սատկած  խոշոր եղջերավոր անասուններից մեկի մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, հոկտեմբերի 30-ին մարզի Իջեւան քաղաքից 7կմ հեռավորության վրա գտնվող հանդամասում խոշոր եղջերավոր անասուն է  սատկել, որից վերցված ներքին օրգաններն ուղարկվել էին փորձագիտական լաբորատորիա, եւ այսօր արդեն հաստատվել է, որ կենդանու մոտ առկա է եղել սիբիրյան հիվանդություն, իսկ կենդանին պատվաստված չի եղել նշված հիվանդության դեմ:

NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում սննդի անվտանգության պետական տեսչության Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանի փոխանցմամբ մարզում մինչ օրս անկվել է երկու խոշոր եղջերավոր անասուն: «Առաջին դեպքը գրանցվեց հոկտեմբերի 30-ին, անմիջապես մեկնել ենք դեպքի վայր, սատկած կենդանու մսից եւ ներքին օրգաններից փորձանմուշներ ենք վերցրել եւ ուղարկել փորձաքննության»,-ասաց նա, հավելելով, որ անկված կենդանու միսն ու ներքին օրգանները ոչնչացվել են այրման եղանակով. «Նշված կենդանին վակցինացված չի եղել սիբիրախտի դեմ»:

Հաջորդ դեպքը գրանցվել է նոյեմբերի 3-ին, որի ժամանակ սատկել է մեկ գոմեշ, սակայն նշված կենդանուց վերձված փորձանմուշների պատասխանները դեռեւս չեն ստացվել:  Վասիլ Գալստյանի փոխանցմամբ` դեպքից անմիջապես հետո մարզ են այցելել բոլոր պատկան մարմինները, նրանց հանձնարարությամբ կատարվել է կենդանիների վերահաշվարկ եւ ռեւվակցինացում:

Նշենք, որ Իջեւան քաղաքում տեղադրվել է հսկիչ անցագրային կետ, որտեղ ոստիկանության հետ համատեղ վերահսկում են կենդանիների մսի տեղաշարժը:

Նախորդ հոդվածը‘Իրաքում պայթյունի հետեւանքով առնվազն 27 մարդ է զոհվել ‘
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է Հայաստանի 3-րդ եռամսյակի խոշորագույն 1000 հարկատուների ցանկը’