‘Հրապարակվել է Հայաստանի 3-րդ եռամսյակի խոշորագույն 1000 հարկատուների ցանկը’

1390

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2012 թվականի 3-րդ եռամսյակի Հայաստանի խոշորագույն 1000 հարկատուների ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի խոշոր հարկատուների ցանկն այս եռամսյակում գլխավորում է «Հայռուսգազարդ»-ը` 22, 635 մլրդ պետբյուջե մուծած հարկերով, որը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 50 տոկոսով:

Երկրորդ հորիզոնականում է Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը` 16,435 մլրդ դրամով: Պղնձի և մոլիբդենի համաշխարհային գների նվազումն էական ազդեցություն է թողել կոմբինատի եկամուտների վրա, քանի որ անցյալ տարվա խոշոր հարկատու լեռնահանքային կոմբինատը  վճարված հարկերը կրճատել է 6,2 մլրդ դրամով: Հայաստանի մի շարք ապրանքային շուկաներում գերիշխող, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը հայտնվել է երրորդ հորիզոնականում` պետբյուջե մուտք արած 13,565 մլրդ դրամով, որը 2011թ. նույն ժամանակահատվածին գերազանցում է 12 տոկոսով:

Չորրորդ և հինգերորդ տեղերում են հայտնվել հեռահաղորդակցման ոլորտի առաջատարներ «Ղ-Տելեկոմ»-ը և «Արմենիան Տելեֆոն Կոմպանին», համապատասխանաբար, 13,333 մլրդ և 9,012 մլրդ մուծած հարկերով: 6-րդ և 7-րդ հորիզոնականները, համապատասխանաբար, կիսում են բենզինի ներկրմամբ զբաղվող «Ֆլեշ» և «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունները` 7,896 և 7,094 մլրդ դրամ պետբյուջե մուտք արած գումարներով:

Առաջին տասնյակի խոշոր հարկատուներից` «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2011թ. 3-րդ եռամսյակի համեմատ նվազեցրել է մուծած հարկերի քանակը 700 մլն-ով և հանգրվանել է 8-րդ հորիզոնականում: «Դինո Գոլդ Մայնինգ» լեռնահանքային ընկերությանը խոշոր հարկատուների ցուցակում 2011թ. 3-րդ եռամսյակի համեմատ հինգ հորիզոնականով առաջընթաց է գրանցել և հայտնվել 9-րդ տեղում: Ընկերությունը մոտ 90 տոկոսով ավելի հարկեր է վճարել: Լավագույն տասնյակը եզրափակում է Հայկական Ատոմային էլեկտրակայանը`4,659 մլրդ դրամ:

1000 խոշոր հարկատուների 2-րդ տասնյակում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել: Լավագույն քսանյակի 11-րդ հորիզոնականում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը, որը 2011թ. 9 ամիսների համեմատ 55 կետով առաջադիմել է, իսկ մուծած հարկերն ավելացել են հինգ անգամ` 902 մլն-ից հասցնելով`4,625 մլրդ դրամի: Հետաքրքիր է 12-րդ հորիզոնականում հանգրվանած «Սամ Սեր Գրուպ»-ի հայտնվելը խոշոր հարկատուների ցուցակում:  2011 թ. խոշոր հարկատուների ցանկում այս ընկերությունն ընդհանրապես բացակայում է, սակայն այս տարի 4,602 մլրդ դրամ մուտքագրած հարկերով հայտնվել է առաջնակարգ հորիզոնականներում:

Իսկ ահա այս պատգամավորին պատկանող, շաքարավազի շուկայում գերիշխող «Լուս-Աստղ Շուգր» ընկերությունը, որը 2011թ. 3-րդ եռամսյակում մուծել է  2,096 մլրդ դրամի հարկեր, 2012թ. նույն ժամանակահատվածում հայտնվել է 1000 խոշոր հարկատուների 602-րդ հորիզոնականում` 100 մլն 884 հազար դրամ մուծած հարկերով:

Խոշոր հարկատուների 13 և 14-րդ հորիզոնականում են գտնվում ծխախոտի ներմուծմամբ զբաղվող Ավերս ընկերությունը`4,114 մլրդ և «Գեո պրո մայնինգ»-ը` 4,007 մլրդ դրամ մուծած հարկերով: Լավագույն քսանյակը եզրափակում է «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկը` 2,591 մլրդ դրամով, իսկ խոշոր հարկատուների ցուցակում բանկերից 2-րդ լավագույն արդյունքն «Ամերիաբանկ»-ին է` 2,162 մլրդ դրամ, աճը 2011թ. 3-րդ եռամսյակի համեմատ կազմել է մոտ 700 մլն դրամ: Խոշոր հարկատուների 131 հորիզոնականում «Անելիք» բանկն է` 489 մլն դրամով:

1000 խոշոր հարկատուները, ընդհանուր առմամբ, 2012 թ. 3-րդ եռամսյակում միասին վճարել են 394.9 մլրդ դրամի հարկ, ինչը 42.1 մլրդ դրամով կամ 11.9 տոկոսով ավելի է, քան 2011 թ. նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների վճարածը: Ընդ որում, այդ 42.1 մլրդ-ից 30.2 մլրդ-ը բաժին է ընկնում 100 խոշոր հարկատուներին, որոնց վճարած հարկերի աճը տարեկան կտրվածքով կազմել է 13.8 տոկոս: 1000 խոշոր հարկատուներին նաև բաժին է ընկնում բոլոր հարկատուների վճարած հարկերի 73.9 տոկոսը: Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմում էր 72.8 տոկոս: 100 խոշոր հարկատուները, միասին վերցրած, վճարել են բոլոր հարկատուների վճարած հարկերի 46.6 տոկոսը: Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմում էր 45.1 տոկոսը:

Նախորդ հոդվածը‘Տավուշի մարզում եւս հայտնաբերվել է սիբիրյան խոց ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ քաղաքացիները չեն քվեարկում դեսպանատներում ‘