‘Տիգրան Մուկուչյանը չի նշում փաստաթղթի տեղը եւ առաջարկում է դիմել Վիգեն Սարգսյանին’

967

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է նախագահական ընտրությունների վերաբերյալ իր առաջին միջանկյալ զեկույցը, որտեղ անդրադարձել է ԺՀՄԻԳ առաջարակությունները ուսումնասիրելու համար 2012-ի օգոստոսին Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված այն աշխատանքային խմբին, որի գոյության մասին հայաստանյան հանրությունը իմացել է միայն վերջերս: 
Նշվում էր, որ «աշխատանքային խմբի գործունեության արդյունքները 2012 թվականի հոկտեմբերին ներկայացվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, որը առաջարկել է, որ իրավական նորմատիվային բազայի դրույթները չպետք է փոփոխության ենթարկվեն սպասվող ընտրություններին այդքան մոտ»:
Տեղեկացնենք, սակայն, որ աշխատանքային խմբի գործունեության արդյունքների մասին առաջին անգամ է նման տեղեկատվություն հաղորդվում: Այդ պատճառով էլ iLur.am-ը կապվեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, ով այդ աշխատանքային խմբի միակ անդամն է, որը այս թեմայով մեկնաբանություններ է տալիս:
Մենք պարոն Մուկուչյանին խնդրեցինք տեղեկացնել՝ որտե՞ղ կարող ենք գտնել այն փաստաթուղթը, որը նշված աշխատանքային խումբը ներկայացրել էր ԺՀՄԻԳ-ին: Պարոն Մուկուչյանը, սակայն, սկզբում փորձեց երկարաշունչ, ընդհանուր տեղեկություններ տալ իրենց աշխատանքների մասին, հետո հայտարարեց, թե միակ ճիշտ ձեւը աշխատանքային խմբի ղեկավար, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին դիմելն է: Մեր այն պնդմանը, թե մենք արդեն մի գրավոր հարցում ուղղել ենք Վիգեն Սարգսյանին, սակայն, մինչ օրս պատասխան չենք ստացել, Մուկուչյանը արձագանքեց նույն կերպ` «դիմեք Վիգեն Սարգսյանին»: Մեր մյուս պնդմանը, որ ինքը փաստացի խմբի միակ անդամն է, որն այդ թեմայով մեկնաբանություններ է տալիս լրատվամիջոցներին, եւ որ փաստաթղթի հետ կապված ըստ էության տեղեկատվություն տալու փոխարեն Վիգեն Սարգսյանին դիմելու խորհուրդը փաստացի նշանակում է «ցրել» լրագրողին, Մուկուչյանը հանկարծ զարմանքով հիշեց, որ իրեն զանգահարել են ուշ ժամի, եւ դեռ նման հարցեր են ուղղում: Նշեցինք, որ ուշ ժամի զանգահարելու պատճառը պարզ էր`ԺՀՄԻԳ-ը քիչ առաջ է հրապարակել իր զեկույցը: Մուկուչյանը, սակայն, ով մշտապես եւ հաճույքով ժամանակ է գտնում լրագրողներին երկար-բարակ մեկնաբանություններ տալու համար, (եթե, իհարկե, ասելիք ունենում է, կամ էլ` թեման սրտովն է լինում), այս անգամ փաստացի հրաժարվեց նշել, թե որտեղից կարելի է գտնել իրենց աշխատանքային խմբի արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը, եւ նորից հայտարարեց, թե ճիշտ ճանապարհը Վիգեն Սարգսյանին դիմելն է:

Նախորդ հոդվածը‘Բունդեսլիգայի ակումբները ռեկորդային եկամուտ են ունեցել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՀ-ը նվազեցրել է համաշխարհային տնտեսության զարգացման կանխատեսվող ցուցանիշը’