‘Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ-ն բոյկոտում է ‹‹168 ժամ›› թերթի հետ աշխատանքը ‘

753

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Facebook սոցցանցի միջոցով տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.

«Հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ: Հերթական անգամ դիմում եմ ձեզ՝ տեղեկացնելու համար թերթերից մեկում տեղ գտած մի հրապարակման բացարձակապես սուտ և թյուր լինելու մասին: «168 ժամ» թերթի հոկտեմբերի 6-ին լույս տեսած համարի «Չի հերքել» վերնագրով նյութը որևէ կերպ չի արտաբերում իմ պատասխանը լրագրողի հարցին, պարունակում է արհեստածին ինտրիգ և չի տեղավորվում իմ աշխատանքային ոճի ու կոնկրետ ձևակերպումների ձևաչափի մեջ: Արդեն որերորդ անգամ հարկադրված եմ անդրադառնալու այդ թերթի կողմից, կարծում եմ՝ միտումնավոր, իմ խոսքերի խեղաթյուրմանը: Իհարկե, որպես ապացույց՝ գոյություն ունեն իմ բոլոր հեռախոսային հարցազրույցների ձայնագրությունները, այդ թվում և այս:

Առիթից օգտվելով՝ նորից եմ կոչ անում բոլորիդ, որպես գոծընկերների, ում հետ աշխատում եմ մեծ հաճույքով ու հարգանքով գրեթե քսանչորսժամյա ռեժիմով, երբևէ չեմ զլանում զրուցել որևէ թեմայով և մեկնաբանել ցանկացած հարց, չխեղաթյուրել և որևէ կերպ չփոխակերպել ձեր հարցերին տրվող իմ պատասխանները: Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս պահից սկսած՝ ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը բոյկոտում է «168 ժամ» թերթի հետ աշխատանքը և դադարեցնում աշխատանքային հարաբերությունները, այն պարզ պատճառով, որ խմբագրությունը հակված չէ ճշգրիտություն պահպանելու և բազմիցս նաև հրաժարվել է ճշգրտելու թյուր տեղեկատվությունը: Իսկ այդ թերթի և համանուն կայքի որոշ ներկայացուցիչներ, քողարկվելով տարբեր «ֆեյքերի» և այլոց էջերի ներքո, անձնական վիրավորանքերով կեղտոտ և սուտ նյութեր են տարածում սոցիալական ցանցերում՝ առանց հասկանալու, որ թվային աշխարհում բոլոր հետքերը երկար մնում են, և յուրաքանչյուրի արարք ենթակա է բացահայտման և պատժի ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն»:

Նախորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեայում զինծառայողը սապնել է երկու զինակիցներին և փախել Հարավային Կորեա’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն 20 տարեկան է ‘