‘Տիգրան Սարգսյանը թաքուն «մեգա-ասուլիս» կտա ‘

1438

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վաղն ամփոփիչ ասուլիս կտա Մատենադարանում, տեղեկացնում է «Հրապարակը»:  Ասուլիսին, ըստ աղբյուրի, մասնակցելու են լրատվամիջոցների խմբագիրները, որպեսզի «առավել ինտելեկտուալ–նպատակային զրույց» կայանա։

«Հրավիրվելու են բոլոր, այդ թվում և վարչապետին ամենաանհաշտ քննադատած թերթերի ու կայքերի խմբագիրները՝ ցանկացած սրությամբ հարցեր տալու։ Արդեն «բաժանե՞լ» եք հարցերը, ինչպես ընդունված է նման դեպքերում մեզանում։ «Բացարձակ»։ Ասուլիսի ժամկետը չի սահմանափակվելու՝ «որքան հարց ու ասելիք լինի»», — գրում է թերթը։

Ուշագրավ է, որ ասուլիսի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա, իսկ բոլոր լրատվամիջոցները հղում են անում «Հրապարակին»: Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանն էլ առավոտից չի պատասխանում մեր հեռախոսազանգերին` հնարավորություն չտալով ճշտելու` արդյո՞ք տեղեկատվությունը հավաստի է: Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե արդյո՞ք «վարչապետին ամենաանհաշտ քննադատած թերթերի ու կայքերի» թվում նաեւ iLur.am-ի ներկայացուցիչը կարող է ներկա լինել, որովհետեւ նման հրավեր խմբագրություն չի ուղարկվել: Քանի որ բազմաթիվ լրատվամիջոցներում հրապարակված այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հերքվել, կարելի է փաստել, որ Տիգրան Սարգսյանն իր նախագահի օրինակով, բոլոր լրատվամիջոցների թվում տեսնում է միայն նրանք, որոնց «ամենաանհաշտ քննադատությունը» վարչապետի սրտովն է: 

Հետաքրքիր է իմանալ հարցերի այն շրջանակը, որոնք վաղն ուղղվելու են Տիգրան Սարգսյանին: Չէ ՞-որ տարին վարչապետի համար բավական հագեցած է եղել` 120 միլիոնանոց դեկորատիվ բիոզուգարաններից մինչեւ օֆշորային սկանդալ, 31 միլիոն դրամ արժեցած չարտերային թռիչքներից` մինչեւ «գազային համաձայնագրեր»:

Համենայնդեպս, մեգա-ասուլիսից առաջ Սարգսյանն այսօր արդեն հասցրել է «բոցել»` կառավարության նիստին՝ հայտարարելով, որ Կառավարությունն անցած տարվա ընթացքում «մեծ աշխատանք է կատարել` կատարելով իր խոստումները»:

«Կառավարության բոլոր ծրագրերը միայն մեկ նպատակ են հետապնդում` բարելավել երկրի սոցիալ–տնտեսական վիճակը և, հետևաբար, յուրաքանչյուր քաղաքացու կյանքը»,- կատակել է Սարգսյանը։

Կարելի է պատկերացնել, թե ինչ նորանոր բացահայտումներ է անելու կառավարության ղեկավարը վաղվա ասուլիսին` Ամանորից առաջ հարստացնելով  համացանցի «ոլոլորտը» վառ մեմերով ու թեւավոր արտահայտություններով: 

Նախորդ հոդվածը‘2013 թվականին սիգի պաշարները Սևանում 50 անգամ ավելացել են’
Հաջորդ հոդվածը‘Սնոուդենի ամանորյա ուղերձը. դադարեցրե՛ք համատարած լրտեսումը’