‘Տիգրան Սարգսյանը չի բացառում նոր կոալիցիոն հուշագրի ստորագրման հավանականությունը’

691

Անդրադառնալով ԱԳՆ-ի շենքի վաճառքին՝ վարչապետ Տիգրան Սարսյանն այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ դա շահավետ առաջարկ էր և նպատակ ուներ Հանրապետության Հրապարակը դարձնել հանրային օգտագործման տարածք՝ ԱԳՆ-ի շենքը վաճառելով և այն միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան հյուրանոց դարձնելով:

Վարչապետը, սակայն, չպատասխանեց, թե արդյոք հնարավոր է, որ մոտ ապագայում Կառավարության կամ Ազգային Ժողովի շենքերը շահավետ առաջարկով նույնպես հանվեն վաճառքի:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք դժվա՞ր էր դիմակայել ԲՀԿ–ականների հարձակմանը Կառավարության հարցուպատասխան ժամանակ, վարչապետն ասաց.
 «Ես որևիցե արտառոց երևույթ չեմ տեսնում քաղաքական դաշտում, երբ քաղաքական ուժերը փորձում են իրենց հարցադրումներն ուղղել կառավարությանը: Դա ամբողջությամբ տեղավորվում է քաղաքական պայքարի կանոնների մեջ»:

Անդրադառնալով իր պաշտոնանկության մասին խոսակցություններին՝ Տիգրան Սարգսյանն նշեց, որ նորմալ է վերաբերվում դրան, քանի որ դա քաղաքական պայքարի ձևերից մեկն է, և Անդրանիկ Մարգարյանին էլ էին մշտապես տալիս այդ հարցը:

Խոսելով ՀՀԿ–ԲՀԿ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման հավանականության մասին՝ վարչապետն ասաց.

«Փաստը մնում է փաստ, որ այսօր մենք ունենք փաստաթուղթ, որը ստորագրել է ՕԵԿ–ը, ԲՀԿ–ն ու ՀՀԿ–ն, որով պարտավորվում են նախագահական ընտրություններում պաշտպանել գործող նախագահին։ Այս պահին որևէ այլ փաստաթուղթ կամ նախագիծ, որը քննարկվում է, մասնավորապես ՀՀԿ–ում, մենք չունենք։ Այդուհանդերձ, ոչինչ չեմ բացառում, չեմ բացառում նոր հուշագրերի, հայտարարությունների ստորագրում»։

Լրագրողի դիտարկմանը, թե ԲՀԿ–ն հայտարարում է, որ իր կողմից նշած հուշագիրն ուժը կորցրած է, քանի որ իրենք այլևս կոալիցիայի անդամ չեն, վարչապետն արձագանքել է.
«Ես պարոն Ծառուկյանից այդպիսի հայտարարություն չեմ լսել»։

Նախորդ հոդվածը‘Բաց նամակ Սերժ Սարգսյանին. արդարադատություն են պահանջում ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը պնդում է, որ սիրիացի գրոհայինները ամերիկյան սպառազինությամբ են զինված ‘