‘Տիգրան Սարգսյանը պատասխան է տալու, ու վերջ’

1276

Տիգրան Սարգսյանն ինքնապաշտպանության ամենաանազնիվ ու պրիմիտիվ տարբերակն է ընտրել` շանտաժը: Ցանկացած օբյեկտիվ վերլուծություն տեղում տրանսֆորմացնում է շանտաժի եւ Բաղրամյան 26-ին օպերատիվ զեկուցում, որ մի խումբ քաղաքական ուժեր ժողովրդին համոզել են, թե քաղաքացին վատ է ապրում, թե երկրում արտագաղթ կա, թե աղքատությունն աճում է վագրային թռիչքներով, թե օտարերկրյա ներդրողները ոչ թե հրաժարվում են Հայաստանում որեւէ, գոնե նվազագույն ներդրում անել, որովհետեւ գործ ունեն «քցող» կառավարության հետ, այլ պարզապես Հայաստանի տեղը չեն գտնում, համոզել են, թե երկրի արտաքին պարտքը հատում է հինգ միլիարդ դոլարի սահմանը, եւ վերջապես, որ այսպես շարունակել չի կարելի: Ու շատնաժը, փաստորեն, աշխատում է: 
Աշխատում է, քանի դեռ մեր երկրում քաղաքական որոշումները կայացվում են «ինադի» հիմնարար բնազդով, քանի դեռ լրջագույն քաղաքական որոշումները կայացվում են ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի քաղաքացու, այլ ընդդեմ ԲՀԿ-ի ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ընդդեմ ժողովրդի, ովքեր ասում են` երկիրը կանգնած է կործանման եզրին, եւ հեռու չէ այն օրը, երբ վերջնական անկումն այլեւս կասեցնել հնարավոր չի լինելու:
Բայց քանի որ շանտաժն ու դեմագոգիան վերջին էշելոնում վաղուց արդեն դարձել է քաղաքական գործընթացների շարժիչ ուժը, ցանկացած օբյեկտիվ վերլուծություն տեղում որակվում է որպես Տիգրան Սարգսյանի անձնական, ժառանգական, դինաստիական աթոռի վրա հանդուգն հավակնություն:
Որովհետեւ այդպես ձեռնտու է` քրեական հոդվածի վերաորակավորում, եւ Տիգրան Սարգսյանը գրեթե համոզված է, որ չի գալու պատասխան տալու ի´ր ժամանակը:
Գալու է: Որեւէ մեկը երբեւէ չի խուսափել ի´ր բաժին պատասխանատվությունից:
Բացառություններ չեն լինում, եթե անգամ Տիգրան Սարգսյանը վստահ է, որ իր «շուստրի» կառավարման պատասխանատվությունը շրջանցելու է: Նյուտոնի երրորդ օրենքը որեւէ մեկը դեռ չի հակասել:
Ու վստահեցնում եմ՝ գալու է պատասխանատվության ժամը`

  • Օֆշորային մեծ լվացքի
  • «Նաիրիտի» օքսիդացած հարյուր միլիոնավոր դոլարների
  • «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով 16.6 միլիոն դոլարի գյուղական լիկբեզի, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ Միացյալ նահանգները բասուտո ցեղին գերադասեց Հայաստանի Հանրապետությունից
  • Հայաստանի ոսկու պաշարների բենդերյան ավանտյուրայի
  • Մեկ գիշերում ազգային դրամը 25 տոկոսով արժեզրկելու եւ ժողովրդի ունեցվածքի 25 տոկոսը գրպանելու
  • Սպիտակ եղեռնի ու էլի բազում այլ «հերոսությունների» համար:

Տիգրան Սարգսյանը պատասխան է տալու, եւ, ինչպես ընդունված է, նոր քաղաքական մշակույթի լեքսիկոնով, ու վերջ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի ասուլիսը (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘«Ով համաձայն չի, թող գործով ապացուցի, որ Լևոնը սխալվել է»’