‘Տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքները’

963

 

Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ

Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ ՍԾՏՀ այցի շրջանակներում հայ–թուրքական հարաբերությունների մասին արված հայտարարությունները, և դրան հաջորդած, արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությունը, թե Թուրքիան ինչ–որ պահի կարող է դերակատարություն ունենալ ղարաբաղյան հարցում։

–Ցավով պետք է նշեմ, բայց սա տխրահռչակ հայ–թուրքական՝ «ֆուտբոլային» դիվանագիտության տրամաբանական հետևանքն է։ Բազմիցս զգուշացվել է վտանգավոր հետևանքների մասին, և առաջին նախանշանը հանդիսացավ Ուորլիքի հայտարարությունը։ Սա բավական վտանգավոր միտում է, և, ըստ էության, հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ զարգացում չստանա։

Կարո՞ղ ենք փաստել, որ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը մեզ վրա վատ անդրադարձ ունեցավ. Թուրքիան ավելի ագրեսիվ դիրք է բռնել՝ շահարկելով արցախյան խնդիրը։

–Մինչ «ֆուտբոլային» դիվանագիտությունը Թուրքիան ուներ միակողմանի դիրքորոշում Ադրբեջանի օգտին և ոչ մի կոնտակտ Հայաստանի հետ։ Իրավիճակը փոխվեց «ֆուտբոլային» դիվանագիտությունից հետո։ Պաշտոնապես հայտարարվում էր, որ երկխոսությունը չպետք է շաղկապվի արցախյան խնդրին, բայց Թուրքիան՝ որպես տարածաշրջանային գերտերություն, կարողացավ հասնել արցախյան խնդրի շաղկապմանը, թեև թղթի վրա չկա այդպիսի շաղկապվածություն, սակայն, ըստ էության, կարողացավ միջազգային ուժերին համոզել, որ արձանագրությունների ստորագրումը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ հայ–ադրբեջանական հարաբերություններում առաջխաղացում լինի։ Թուրքիան շատ լավ շահարկում է միջազգային ուժերի մոտ այն փաստարկը, որ եթե ուզում եք՝ հայ–թուրքական հարաբերությունների դարավոր խնդիրը լուծվի, ապա նպաստեք նրան, որ լուծվի արցախյան խնդիրը։ Փաստորեն, եվրոպացիները արդեն սկսում են հրապարակավ խոստովանել, որ շաղկապվածություն կա մեկը մյուսին։ Նորից եմ կրկնում՝ թեև Ցյուրիխում արձանագրությունները ստորագրելիս նմանատիպ շաղկապվածություն չկար, բայց Թուրքիան կարողացավ այդ արձանագրությունները, օդի մեջ պահելով, ճնշել միջազգային կենտրոններին, որպեսզի վերջիններս ուղղակի կամ անուղղակի խոսեն, որ շաղկապվածություն կա։ Փաստորեն, հիմա Ուորլիքն է դա հայտարարում, վաղը կարող է մեկ այլ եվրոպական չինովնիկ հայտարարել, մյուս օրն էլ դա կարող է նորմա դառնալ։ Կամաց–կամաց արևմտյան տեսակետը կարող է փոխվել այս հարցի շուրջ։ Սա հենց այն վտանգն է, որի մասին ես ասում էի։ Հետևապես, պետք է կասեցնել հայ–թուրքական իմիտացիոն երկխոսությունը։

Ի՞նչ քայլերի պետք է դիմի հայկական կողմը, որպեսզի խուսափի նմանատիպ վտանգներից։

–Հայաստանը պետք է հայտարարի՝ քանի որ թուրքական խորհրդարանը չի վավերացնում արձանագրությունները, Հայաստանը չեղյալ է հայտարարում բանակցությունները և հետ կանչում արձանագրությունները՝ նշելով, որ հայ–թուրքական հարաբերությունները պետք է սկսվեն զրոյից։ Նմանատիպ հայտարարության դեպքում կկասեցվեն հայ–թուրքական իմիտացիոն պրոցեսները։ Այս պայմաններում Թուրքիան ոչ մի հնարավորություն և բարոյական իրավունք էլ չի ունենա՝ խառնվելու ղարաբաղյան խնդրին։ Բոլորը կմեղադրեն, որ, փաստորեն, գլխավոր մեղքը հենց Թուրքիայինն է։ Այս տարրական գիտակցությունը չկա Հայաստանի իշխանությունների մոտ, որովհետև նրանք շարժվում են ոչ թե պետության շահերից ելնելով, այլ այն կոնցեպտով, թե ինչպիսի բացասական արձագանք կլինի միջազգային հանրության կողմից։ Նրանք վախենում են այն նեգատիվ խոսքից, որ կարող է գալ դրսից։ Պետք է նշեմ՝ եթե Հայաստանը ճիշտ ներկայացնի դրությունը, ապա միջազգային ուժերը կգան այն եզրահանգման, որ մեղքը Թուրքիայինն է։

Ինչպես տեսնում ենք, կարծես թե մոտ ապագայում չկա այն միտումը, որ իշխանությունները կփոխեն արտաքին քաղաքականության այս գիծը։

–Այո՛, նմանատիպ տենդենց չկա։ Եթե իշխանությունները փոխեն ուղղությունը, ապա կնշանակի, որ սխալվել են այս հարցի շուրջ։ Իրենք չեն ուզում խոստովանել սեփական սխալները։ Ընդհանրապես, Հայաստանի իշխանություններն իրենց ոչ մի սխալը չեն ուզում ընդունել՝ լինի դա արտաքին քաղաքականության մեջ, թե ներքին։ Այսպիսին է այօրվա իշխանությունների բնույթը, ցավոք սրտի։

ՀՀ սահմանադրությամբ՝ արտաքին քաղաքականությունը լիազորված է երկրի առաջին դեմքին, եթե նա քայլեր չի անում՝ այդ գիծը փոխելու, այս պարագայում ո՞րն է լավագույն լուծումը Հայաստանի համար։

–Մինչև Հայաստանում ամբողջական իշխանափոխություն չլինի, մինչև համակարգված և լուրջ փոփոխություններ չլինեն, խոսել երկրում որևէ առաջընթացի (թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ) մասին անիմաստ է։

www.7or.am

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

 

Նախորդ հոդվածը‘Կոռուպցիայի գործի շրջանակներում գաղտնալսվել է Թուրքիայի վարչապետի հեռախոսը’
Հաջորդ հոդվածը‘«Ցասման օր». Թունիսում նույն կարգախոսներն են՝ հեղափոխությունից երեք տարի անց ‘