‘ՏՄՊՊՀ պետ Արտակ Շաբոյանը ստանձնել է Սամվել Ալեքսանյանի փաստաբանի դերը. Մամուլ’

1012

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանաթյան հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ ասուլիս էր հրավիրել և ամփոփում էր տարին։

Եթե Հայաստանի իրականությունից անտեղյակ մարդը լսեր նրա ներածական խոսքը, ապա տպավորության կստանար, որ սա աշխարհի ամենամրցակցային տնտեսություն ունեցող երկիրն է, այստեղ մենաշնորհներ չկան։ Բայց դա՝ միայն ներածական խոսքում։ Հետո ամեն ինչ ընկավ իր տեղը։ Որպեսզի այսուայն կողմ չընկնենք, պրն Շաբոյանին հարցեր ուղղեցինք մի ապրանքային շուկայի վերաբերյալ, որը կատարելապես մենաշնորհված է և այդ հանձնաժողովի ուշադրությունից միշտ դուրս է մնում։ Հանձնաժողովին երբեք չի հետաքրքրել, թե ոնց է ստացվում, որ միջազգային շուկայում շաքարավազի գինը 2011 թվականի 1-ին կեսին եղել է մոտ 700 դոլար, բայց Հայաստան է ներկրվել կեղծ՝ 320 դոլար մաքսային արժեքով։ Ոնց է ստացվել, որ անցած տարվա համեմատ, ըստ ՀՀ կենտրոնական բանկի, շաքարավազն այս տարվա հունիս-նոյեմբերին էժանացել է 25-28 տոկոսով, բայց ՀՀ-ում՝ էժանացել է ընդամենը 10-11 տոկոսով։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին դա ինչու չի հետաքրքրել։ Չէ՞ որ եթե մեկ ուրիշը փորձեր շաքարավազ ներկրել Հայաստան, ապա նրա համար մաքսային արժեքը կհաշվարկվեր միջազգային գնին համահունչ, և նա 2 անգամ ավելի շատ գումար կծախսեր ներկրվող շաքարավազը մաքսազերծելու համար ու չէր դիմանա մրցակցությանը։ «Կան լագային ժամանակահատվածներ, հումքը ներկրվում է արտադրական պրոցեսով անցնում է… այսինքն՝ սա բավականին լուրջ ուսումնասիրություն է։ Ես զարմանում եմ, ո՞նց եք դուք վերցնում ինչ-որ պահային … վերցնում միջազգային շուկայում ինչ-որ գների փոփոխություն, այստեղի գների փոփոխություն և այդպիսի դատողություններ անում…»,– շաքարավազ ներկրող-արտադրող Սամվել Ալեքսանյանի փաստաբանի դերը ստանձնելով՝ պատասխանեց Արտակ Շաբոյանը։ Շատ լավ, արտադրվում է, ոչ թե ներկրվում է։ Բա այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ իբր շաքարավազ արտադրող Ախուրյանի շաքարի գործարանը, որը պատկանում է նույն Աամվել Ալեքսանյանին, 2010 թվականին 15 հազար տոննա շաքարավազ արտադրելու համար ունեցել է 700 աշխատող, իսկ հիմա, երբ արտադրում է 45 հազար տոննա, նույնիսկ 100 աշխատող չի պահում։ Դե, ինչպես պատասխանի Շաբոյանն այս հարցին, երբ ներկայացված բոլոր տվյալները վերցված են բացառապես պաշտոնական վիճակագրությունից։ «Ես բոլոր լրագրողների ներկայությամբ հայտարարություն եմ անում։ Հնարավոր չի նման դատողություններ անել։ Բնականաբար, եթե մենք խնդիրներ տեսնենք, մենք միանշանակ կպատժենք։ Մենք ուսումնասիրություններ ունենք, թվեր ունենք, բոլորի ներկայությամբ հայտարարում եմ, որ հրավիրում եմ մեր ուսումնասիրություններին տեղում ծանոթանալու»,– ասաց Շաբոյանը՝ պատճառաբանելով, որ ժամանակը սահմանափակ է։ Հրավերն ընդունված է՝ մեր թվերը նրանց թվերի դեմ։ Ձեռքի հետ էլ կփորձենք պարզել, թե ինչու է Փարիզի կամ Վիեննայի կենտրոնում գտնվող սուպերմարկետներում սովորական արևածաղկի ձեթը մեկ եվրո, իսկ Երևանում՝ 1.7 եվրո։ Երեկ խոսվեց նաև ՏՄՊՊՀ-ի վերջին աղմկոտ բացահայտման մասին։ Խոսքը 21 երշիկարտադրողների մասին է, որոնց, ամանորից առաջ, հանձնաժողովն իր մի հայտարարությամբ հասցրել է սնանկացման։ Շաբոյանը հաստատեց, որ իրենք արտադրանքի բաղադրությունը չեն ստուգել, բայց հայտարարել են, որ դրանց մեջ մսի պարունակությունը 16 տոկոս է։ Ել հանձնաժողովն այդ եզրահանգման եկել է ընդամենը նրանց օգտագործած մթերքի ընդհանուր ծավալը ուսումնասիրելով։ Հանձնաժողովի նախագահին հարց ուղղեցինք, թե ինքը վստա՞հ է, որ այդ արտադրողներին միս մատակարարող ընկերությունն իր առաքած մթերքի համար համապատասխան փաստաթուղթ տալիս է արտադրողներին, և արդյո՞ք արտադրողները ստիպված չեն առանց փաստաթղթի միսը ձևակերպել այլ մթերքների անվան տակ։ Շաբոյանը ըստ էության չուներ պատասխանը։ Միայն ասաց, որ իրենք ոչ թե առաքման փաստաթղթեր են պահանջել այդ տնտեսվարողներից, այլ պարզապես տեղեկություններ, թե որ մթերքից որքան են օգտագործել։ Դե, արտադրողներն էլ հետագա խնդիրներից խուսափելու համար պետք է ներկայացնեին այն քանակները, որոնց վերաբերյալ փաստաթղթեր ունեն։ Դա էլ նրանց համար ճակատագրական է դարձել։ Ու ստացվել է, որ տնտեսական մրցակցությունը, իբր, պաշտպանելու նպատակով ստեղծված հանձնաժողովը շուկայից, փաստորեն, դուրս է մղել երկու տասնյակ փոքր արտադրողների։ Ահա այսպես էլ տարին ամփոփել է ՏՄՊՊՀ-ն։

Հայկ Գևորգյան

«Հայկական ժամանակ»

Նախորդ հոդվածը‘Իմ քվեաթերթիկի վրա գրված է լինելու ՝ Լևոն Տեր-Պետրոսյան. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Եթե «Վեգային» տուգանել են՝ վիճակագրական ծառայությունն էլ օրումեջ պիտի տուգանվի. Մամուլ’