‘Տնտեսագետ. Ազատ տնտեսական գոտիները ներկա պայմաններով արդյունավետ լինել չեն կարող’

1502

Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երեւանի «Մարս» գործարանի եւ Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում բացվեցին Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտիները (ԱՏԳ): Կառավարությունը ԱՏԳ-ի միջոցով նպատակ ունի խթանել արտասահմանյան ներդրումները: Ազատ գոտիներում գործող տնտեսվարողներն ազատվում են բոլոր տեսակի հարկերից, արտադրված ապրանքը արտահանվում է առանց մաքսավճարի:

Հայ ազգային կոնգրեսի տնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանի համոզմամբ՝ Հայաստանի ներկայիս պայմաններում ԱՏԳ ստեղծելը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով համակարգային խնդիրները՝ կոռուպցիան, մենաշնորհները, վարչարարական խնդիրները:

«Եթե մեզ մոտ լիներ մրցակցային դաշտ, հարկային մարմինները հավասար գործեին բոլոր տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, ազատ տնտեսական գոտու անհրաժեշտությունն  ընդհանրապես չէր լինի: Որովհեւեւ, ի վերջո, տնտեսության զարգացման ամենակարեւոր գործոնը մրցակցությունն է», — iLur.am-ի հետ զրույցում ասաց պարոն Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանը չափերով այնքան փոքր է, որ կարելի էր ամբողջ երկիրը դարձնել ազատ տնտեսական գոտի: Իսկ առանձին տարածքներում ԱՏԳ ստեղծելու գաղափարն, ըստ տնտեսագետի, պետք է օգտագործել մարզերում, հատկապես՝ գործազրկության եւ աղքատության բարձր ցուցանիշներ ունեցող տարածաշրջաններում: Մասնավորապես, Խաչատրյանի խոսքով՝ երկար տարիներ խոսվում է Գյումրիում եւ Շիրակի մարզում ԱՏԳ ստեղծելու մասին, բայց, հակառակ սպասումների եւ հակառակ իշխանությունների՝ տնտեսական հզորությունները ապակենտրոնացնելու մասին հայտարարությունների՝ ազատ գոտիներ ստեղծվում են հենց Երեւանում:  

Խոսելով այլ երկրներում Ազատ տնտեսական գոտիների առաջացրած դրական արդյունքի մասին՝ Վահագն Խաչատրյանը հիշատակեց Չինաստանի օրինակը, որտեղ տնտեսական զարգացումն սկսվեց մեկ մարզում ստեղծված ԱՏԳ-ի շնորհիվ:

«Այնտեղ ողջ գոտին փակ էր, նույնիսկ հատուկ անձնագրային ռեժիմ կար այնտեղ ելումուտ անող մարդկանց համար՝ յուրահատուկ պետություն էր պետության մեջ:  Գուանչժոուի արտադրանքն ամբողջությամբ արտահանվում էր, իսկ ԱՏԳ-ում աշխատող ու ապրող մարդիկ իրենց կենսամակարդակով մի քանի անգամ գերազանցում էին Չինաստանի մնացած շրջաններին: Փաստորեն, Չինաստանի զարգացումն սկսվեց մի քանի տնտեսական գոտիների զարգացումից, որը շղթայական ռեակցիայով տարածվեց ողջ երկրով մեկ», — նշեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ նրա, ազատ տնտեսական գոտիները մի քանի բացասական հեռանկարներ են  պարունակում, դրանց թվում՝ որակյալ մասնագետների արտահոսքը: Նրա խոսքով՝ արդեն իսկ խորհրդային տարիներին կենսաբանության, քիմիայի, ճշգրիտ սարքաշինության եւ այլ ոլորտներում  տասնամյակների ընթացքում ձեւավորված մասնագիտական բազան գրեթե իսպառ փոշիացվել է, ընդհատվել է արտադրության կազմակերպման շղթան:

«Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում գործող հանրահայտ կազմակերպությունները, նախ, որակյալ աշխատուժի պակասի դեպքում այստեղ կգան՝ իրենց մասնագետներով հանդերձ: Այս դեպքում ԱՏԳ-ից ստացվող օգուտն առավելեւս չնչին  կլինի. տնտեսվարողը հարկ չի վճարում, մաքս չի վճարում, հետն էլ բերում է արտասահմանցի մասնագետների», — նշեց Վահագն Խաչատրյանը:

Մյուս կողմից, նրա խոսքով՝  ԱՏԳ-ում գործող կազմակերպություններն այստեղից կտանեն մնացած որակյալ մասնագետներին: «Հասկանալի է, ազատ տեղաշարժման պայմաններում դրա դեմ առնել հնարավոր չէ, բայց խնդիրը կա՝ վերստեղծել խորհրդային տարիներին գոյություն ունեցող դպրոցը: Թեպետ, միգուցե՝ հակառակ պրոցեսը գնա՝ Ազատ տնտեսական գոտու տնտեսվարողները պահանջարկ առաջացնեն, որպեսզի այդ մասնագետները պատրաստվեն Հայաստանում», — նշեց տնտեսագետը:

Եւս մեկ հանգամանք, որը մտահոգում է նրան, այն է, որ երկու տարածքներն էլ, որտեղ ստեղծվել են ազատ տնտեսական գոտիներ, Ռուսաստանի Դաշնությանն են պատկանում, եւ նորաբաց գոտիներում ներդրում անողները բացառապես ռուսաստանյան ընկերություններ են: Վահագն Խաչատրյանի խոսքով՝ դժվար թե մեկ այլ երկրից որեւէ ընկերություն այս փաստը ոգեւորությամբ կընդունի: «Որովհետեւ, ինչպես հայտնի է, ռուսաստանյան կառավարման մեթոդները չի կարելի օրինակելի համարել», — նշեց նա:

Այս հանգամանքը եւս թույլ է տալիս տնտեսագետին պնդելու, որ այս նախաձեռնության արդյունավետությունը չնչին է լինելու:

«Մեր տնտեսությունը չի օգտվի, մրցակցության հարցը չի լուծվի, բնակչության ընդհանուր կենսամակարդակի վրա ազդեցություն չի ունենա, եւ իշխանությունը սրանով ավելի շատ քաղաքական հարց  կլուծի, քան տնտեսական: Ի վերջո, հիշում ենք, որ այս տարածքները Ռուսաստանին են տրվել «գույք՝ պարտքի դիմաց» գործարքի միջոցով, եւ 10 տարուց ավելի մնացել են առանց օգտագործելու՝ ոչ մի օգուտ չտալով պետությանը: Իսկ հիմա արտոնյալ պայմաններ են առաջարկում նրանց, ովքեր առանց այդ էլ արտոնյալ պայմաններ ունեին», — ամփոփեց Վահագն Խաչատրյանը:  

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ են’
Հաջորդ հոդվածը‘Սահմանապահների արձակած գնդակից մահացել է հայ-թուրքական սահմանը հատած Թուրքիայի քաղաքացին’