‘Տնտեսագետ. Էներգակիրների գների աճը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետությունը լիովին չի դատարկվել’

838

Հայաստանում էներգակիրների գների աճը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետությունը լիովին չի դատարկվել: Այդպիսի կարծիք է արտահայտել  տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` մեկնաբանելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 3,85 դրամով բարձրացնելու մտադրությունը:

«Ես համաձայն չեմ հանձնաժողովի ոչ մի հիմնավորմանը, որը որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագների վերանայման ընթացակարգ սկսելու մասին: Խորհրդարանում հարցի վերջին քննարկումների ընթացքում ՀԾԿՀ ղեկավար Ռոբերտ Նազարյանը չկարողացավ պատասխանել պատգամավորների ամենածեծված հարցերին, օրինակ, այն մասին, թե ինչո՞ւ «Որոտանի» կասկադում արտադրվող էլեկտրաէներգիան իբր չափազանց ցածր ինքնարժեք ունի: Կամ` գազին առնչվող իրավիճակը, որը շարունակում է մնալ անթափանց դաշտում: Մինչ օրս պասրզ չէ, թե իրականում որքան արժեին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի` պետությանը պատկանող 20 տոկոսը, ինչպիսին է Հայաստանի սահմանից մինչև սպառող գազի փոխադրման գինը: Սակայն ամենագլխավոր հարցը մինչ օրս մնում է յոթ կողպեքի հետևում. խոսքը վերաբերում է «ՀայՌուսգազարդի» աշխատակիցների առասպելական աշխատավարձերին` երկրի միջին վիճակագրական քաղաքացու աշխատավարձի համեմատ: Բոլորի համար պարզ է, որ ընկերությունն ունի ֆինանսական ռեսուրսների անսահմանափակ շրջանառություն և գերշահույթ է ստանում: Այդ ֆոնին սակագների աճը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետությունը լիովին չի դատարկվել»,- հայտարարել է Բոստանջյանը՝  հավելելով, թե նման երևույթները բացառելու համար անհրաժեշտ են քաղաքական կամք, պատասխանատվության միջոցների սահմանում:

Նախորդ հոդվածը‘ Աշխարհի առաջնության ամենազգացմունքային մարզիչները’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի պաշտպանության նախարարը «սպառնում է» ջախջախել հայերին’