‘Տունը ապօրինաբար ձեռքներիցս խլեցին, մեզ քցեցին փողոցները’

1436

2011 թվականի նոյեմբերի 11-ին  Երևանի Բյուզանդ 83 տան բնակչուհին՝ Նունե Համբարձումյանը, գնացել էր փոքր դստեր դպրոցական ներկայացմանը, որը վերաբերվում էր Գարեգին Նժդեհի կյանքին: Տուն վերադառնալիս նկատել է, որ  փոքր տրակտորով քանդում են իր տան հետևի պատը: Տեսնելով տիրուհուն՝ քանդողները, որոնցիցի մեկը ԾԻԳ-ի պետն էր՝ փախել էին:

Նունե Համբարձումյանը դիմել է  ոստիկանություն, որտեղ սկզբում մի քանի ժամ գործ են կազմել, սակայն երբ  գործը պատրաստ էր ու այն հասել էր համապատասխան բաժնի պետին,  ով պետք է ստորագրեր, որպեսզի հանցագործություն կատարողին բերման ենթարկեին, վերջինս վերցրել էր թղթերը և մի կողմ շպրտելով ասել. «Քո տունը չի, ինչ կուզեն կանեն»: Սակայն Նունեն հակադարձել էր, որ այդ դեպքում ինչո՞ւ է փախել, եթե օրինական գործողություն էր անում, ոստիկանության աշխատակիցն էլ ասել, թե դա նրա գործն է: Մեզ հետ զրույցում Նունե Համբարձումյանը պատմել է, որ այդ օրը, երբ իր տան մի պատը քանդեցին այնտեղ արդեն հնարավոր չէր ապրել, և իրենք տեղափոխվեցին իրենց ծանոթի տուն, սակայն այնտեղ գնում էին միայն քնելուց, իսկ ցերեկները անցկացնում էին իրենց տանը, որպեսզի այն ամբողջությամբ չքանդեն:

Պատը քանդելուց հետո իրենք դիմել էին դատարան և դատարանը արգելանք էր դրել քանդելու որոշման վրա, սակայն  այս տարվա մարտի 7-ին դատարանը արգելանքի միջնորդությունը հանել է և հենց նույն օրն էլ վերջնականապես քանդել են Նունե Համբարձումյանի ընտանիքին պատկանող պապական տունը:

Նունեն տխրությամբ է հիշում այդ օրը: Ասում է` բոլոր կանայք ուրախ զվարթ նախատոնական տրամադրության մեջ էին, իսկ ինքը…:

Նշենք, որ Բյուզանդի փողոցի տները սկսեցին քանդել 2000 թվականից սկսած, իսկ բնակիչներին առաջարկեցին ոչ համաչափ փոխհատուցում: Շատերի տարածքը ճանաչելով հանրային գերակա շահ՝ փորձեցին նրանց վտարել իրենց տնից՝ տալով չնչին փոխհատուցում: Նունե Համբարձումյանն ասում է, որ իրենց եւս համարժեք փոխհատուցում չեն տվել և իրենք մինչ օրս չեն կարողանում տուն գնել: Այս պահին նրանք մի շարք հայցեր են ներկայացրել դատարան, իսկ մեկ հայց էլ արդեն գտնվում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Այժմ նրանք սպասում են, որպեսզի սպառեն հայաստանյան բոլոր դատական ատյանները, որպեսզի կարողանան այս գործերն էլ կցեն արդեն ԵԴ ուղարկված գործին: «Հայաստանի դատական ատյանների հետ արդարադատության ոչ մի հույս չենք կարող կապել,  դրա համար սպասում ենք այստեղ բոլոր երեք ատյանները սպառենք: Մեր տունը սեփականաշնորհված չէր, բայց բազմաթիվ դիմումներ ունեինք սեփականաշնորհելու, սակայն չսեփականաշնորհեցին: 1915 թվականից այդ տանն է բնակվել ամուսնուս պապը, իր պապական տունն  է: Այդ հատվածը իրենք ճանաչեցին հանրային գերակա շահ և այն փոխանցվեց անհատ ձեռներեց Հայկ Բեգլարյանին՝ Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշ Բարսեղի որդուն: Նույն գերակա հանրային շահի անվան տակ վերցրեցին ուղղակի: Ես շատ վիրավորված եմ իմ երկրի բարքերից, մտածեցի` ավելի լավ է գնամ նստեմ դեսպանատների մոտ, ապաստան խնդրեմ: Սիրտս ցավում է, որ մեր երկրում մարդը արժեք չունի: Վիրավորված եմ, որ երեխաներին կարող են հանգիստ իրենք տնից դուրս շպրտել միայն նրա համար, որ Ֆլեշի Բարսեղի աչքը մտնեն, էդ օլիգարխի ախորժակը բավարարեն: Ես հայրենասեր երեխաներ եմ դաստիարակել, բայց հիմա իմ երեխեքը մնում են փողոցում, իսկ իրենց լակոտները, որ ոչ մի սրբություն չունեն ամեն օր Աստծու անունը շահարկելով իրենց հայրերի հետ տիրանում են ուրիշների տներին ու իրենց դնում են հավատացյալ մարդու տեղ, ոնց որ Բարսեղն ա: Իրենց թվում է, որ մոմ վառելով իրենց գործած մեղքերին թողություն են ստանալու»,- ասում է Նունե  Համբարձումյանը:

Նունեի տան տարածքում մինչև հիմա ոչ մի շինարարություն չի իրականացվում, և նրա համար հասկանալի չէ, թե այդ դեպքում ինչո՞ւ մարդկանց դուրս հանեցին իրենց տներից, մանավանդ որ` շինարարություն սկսելու և ավարտելու ժամկետ կա:

Նունեն մասնագիտությամբ բուժքույր է, այդ մասնագիտությամբ աշխատել է, սակայն այժմ չի աշխատում, քանի որ առողջական  լուրջ խնդիրներ ունի: Ընտանիքի միակ կերակրողը՝ ամուսինն է, ով վարորդ է աշխատում, և Նունեի խոսքով վարորդի  աշխատավարձը այն աշխատավարձը չի, որ բավականացնի չորս հոգանոց ընտանիքի հոգսերը հոգալու համար: Նա ունի երկու դուստր, մեծ դուստը չորրորդ կուրսի  ուսանողուհի է, իսկ փոքրը՝ Մարինեն դպրոցական է:

Նունեն պատմում է, որ երբ տեսնելով իրենց հանդեպ կատարվող անարդարությունը` ցանկացել է  լքել հայրենիքը, երեխաները կտրականապես դեմ են եղել, հատկապես փոքր դուստրը: Նա ցանկանում է իրավաբան դառնալ և կարծում է, որ իրավաբան դառնալով ինչ-որ բան կփոխվի և ինքը արդարությունը կվերականգնի: 

«Ծնվելով  ու ապրելով Հայաստանում՝ այսօր չունենք ՀՀ քաղաքացու գրանցում, քանի որ տունը ապօրինաբար ձեռքներիցս խլեցին, մեզ քցեցին փողոցները, գրանցումից հանեցին, անգամ փոքր դուստրս պետք է անձնագիր ստանա, չենք կարող անձնագիր ստանալ, որվհետև ոչ մեկս գրանցում չունենք: Այսինքն, ո՞ւմ խնդրենք` գրանցի մեզ: Մենք ոչ ընտրություններին  ենք կարողանում մասնակցել, ոչ մի պետական նպաստից չենք կարողանում օգտվել, որովհետև գրանցում չունենք»,- վրդովված պատմում է Նունեն:

Նունե Համբարձումյանը նաև ասում է, որ  իր երեխաները այդ տան արդեն չորրոդ սերունդն են և  ունեն բազմաթիվ փաստաթղթղեր, որ այդ տունն իրենցն է  եղել:

Հարկ է  նշել, որ 2009 թվականի դեկտեմբերի 9-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մի խումբ աշխատակիցներ լկտիաբար ներխուժել էին Նունեի տուն և հենց  նրա փաստաբանների, լրագրողների ու իրավապաշտպանական կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ ցանկանում էին նրանց իր տնից վտարել և նրա գույքը փորձում էին  դուրս հանել տնից:  Այդ ժամանակ նրա տան գործը դեռ գտնվում էր դատարանում, սակայն ԴԱՀԿ-ն արդեն ցանականում էր նրանց դուրս հանել այդ տնից: Այդ օրը սակայն լրագրողների ու իրավապաշտպանների բարձրացրած աղմուկից հետո, ինչպես նաև այն ժամանակվա Մարդու իրավունքների Պաշտպան Արմեն Հարությունյանի ժամանելուց հետո ԴԱՀԿ աշխատակիցները  դադարեցրին իրենց գործողությունները և  անցան հարևան տներից մարդկանց դուրս  հանելու «գործին»: Դրանից հետո  մի քանի անգամ փորձել էին  ոստիկանների միջոցով վախեցնել, որ կհանեն, սակայն մեկ տարուց ավել նա մնաց այդ տանը, որից հետո, այնուամենայնիվ, նրան իր ընտանիքով դուրս հանեցին իրենց պապական  տնից:

\"\" 

\"\"

\"\"

Լիլիթ Թադեւոսյան

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Արման Սահակյանի կողմնակիցները SMS-ով են հաղորդում ընտրության եկածների տվյալները’
Հաջորդ հոդվածը‘Գրիգորյանի շտաբը ահազանգ է ստացել, որ Սահակյանի կողմնակիցները գումար են բաժանելու ‘