‘Րաֆֆի Հովհաննիսյանը Կոտայքում ցավակցեց պարոն Կիրակոսի հարազատներին և նախընտրական շտաբ նվեր ստացավ’

706

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավն է անցկացնում Կոտայքի մարզում: Թեկնածուն եղել է Պռոշյանում և Նոր Երզնկայում:

Պռոշյանի բնակիչները հավաքված սպասում էին նախագահի թեկնածուին: Տեսնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ թեթև է հագնված, նրանցից մեկն առաջարկեց. «Լավ տնական արաղ ունեմ տունը»: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց խմելը թողնել հաղթանակից հետո:

Պռոշյանում այսօր երկու հուղարկավորություն կար: Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց հարազատներին ցավակցեց հրապարակում՝ մարդկանց հետ հանդիպմանը. «Այսօր եկել ենք Պռոշյանի համար տխուր առիթներով՝ պարոն Կիրակոսի և տիկին Հայկուհու համար: Մենք հիշում ենք իրենց, ցավակցում ենք ընտանիքներին, մաղթում համբերություն: Ուզում ենք, որ մեր մարդկային և հայաստանյան կյանքը երեխաներով շարունակվի: Ամեն մեկի ժամը կգա այնտեղ գնալու, բայց քանի դեռ Աստված մեզ կյանք է տվել, թող մեր հայրենիքը դառնա ամենաուժեղը, ամենաարդարը: Մեր ապագան մեր ձեռքում է»: Նա մաղթեց, որ Հայաստանում հարսանիքները շատ լինեն, թաղումները՝ քիչ:

Եղվարդում մոտեցավ  մի մարդ՝ ազատամարտիկ Կարոն ու Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկեց՝ երկու հարկանի տուն ունեմ, տամ քեզ՝ նախընտրական շտաբի համար: Պարոն Հովհաննիսյանը եղվարդցու այդ անկեղծ աջակցությունն ընդունեց:

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը այցելեց քաղաքի ակումբ, որտեղ պապիկները շախմատ էին խաղում և մաղթեց բարի ընտրություն: Եղվարդի քաղաքապետին էլ հորդորեց՝ գոնե մի անգամ թողեք ազատ ընտրություն լինի: Քաղաքապետը վստահեցրեց, որ ազատ, արդար ընտրություն է լինելու:

Նախագահի թեկնածուին քարոզարշավի ընթացքում այսօր ուղեկցում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նախորդ հոդվածը‘Լրտեսական խաղեր. Հայրիկյանը մոլորեցրել է հանցագործներին’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» բորենիներն ընդդեմ «Բարսայի». Տեսանյութ’