‘Լրտեսական խաղեր. Հայրիկյանը մոլորեցրել է հանցագործներին’

1597

ՀՀ նախագահի մահափորձի ենթարկված թեկնածու Պարույր Հայրիկյանը մոլորեցրել էր հանցագործներին: Այս մասին «Արմենպրեսի»  հետ զրույցում ասել է Պարույր Հայրիկյանի ընկեր և նրա շտաբի միջազգային հարցերով պատասխանատու Կարո Եղնուկյանը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայրիկյանը, կատարվածում մեղադրելով օտար ուժերին՝ ակնարկելով ռուսական հատուկ ծառայություններին, ենթադրություն էր արել, որ կրակողը հայ չէ՝ եվրոպական դիմագծեր ունի:

«Մինչև ձերբակալվածներին գտնելը Պարույր Հայրիկյանը մտածված որոշ տվյալներ էր տվել, որպեսզի մոլորեցներ հանցագործներին: Նա դա արել էր նրա համար, որ նրանք, ովքեր եվրոպական դիմագծեր ունեն, իրենց հանգիստ զգային»,- «Արմենպրեսին» ասել է Եղնուկյանը:

Մինչդեռ ինքը՝ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով հանցագործ(ներ)ի «ոչ հայկական դիմագծեր ունենալու» մասին հայտարարությանը, իր ընկերոջ վարկածի մասին ոչինչ չի ասել:

 «Ես կարծեմ, նույնիսկ ասել էի` եվրոպական դիմագծեր: Բոլոր երկրներում սեւ գործը կատարողները լինում են տեղացի մարդիկ: Այդպես ընդունված է: Հիմա արդեն կարող ենք ասել` քննությունը կփորձի պարզել, բայց քննությունն էլ կարող է ինչ-որ սահմանով պարզել, կախված է, թե պատվիրատուն որքանով է պատրաստված: Քաղաքական պատվեր տվողները սովորաբար աշխատում են այնպես անել, որ քաղաքական պատվերը հստակ չերեւա», — «Ազատություն» ռադիոկայանին ասել է նախագահի թեկնածուն:

Նրա խոսքով, կատարողը եւ նրան անմիջականորեն օգնողը, այսինքն առայժմ գործիքներն են բացահայտված: «Պատվիրատուի մասին դեռ խոսք չկա», — ասել է Հայրիկյանը:

Հայրիկյանը նշել է նաեւ, որ մահափորձի օրը ինքը նկատել է մեկ ավտոմեքենա եւ մեկ մարդ. -«Թե մեքենայում քանի հոգի կար, դժվար է ասել», — ասաց նա:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 7-ին ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը:

Նրանք Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների 9 հասցեում, հունվարի 31-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, կատարված մահափորձի հանգամանքների վերաբերյալ խոստովանական ցուցմունք են տվել:  

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլիի զինակիցը սպառնացել է պայթեցնել Ստալինի հուշարձանը’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը Կոտայքում ցավակցեց պարոն Կիրակոսի հարազատներին և նախընտրական շտաբ նվեր ստացավ’