‘
Այսօր առավոտյան նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը «բարևի հեղափոխությունը» սկսել է Աշտարակ քաղաքից: Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը ճանապարհին ժամանակ առ ժամանակ իջնում էր ավտոբուսից և բարևում մարդկանց, Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում արդեն իրեն էին սպասում մոտ երեք հազար քաղաքացիներ:
«Աշտարակի հպարտ քաղաքացիներ, քարոզարշավի ժամանակ եղել եմ այստեղ, երբ այս հրապարակը դատարկ էր, տիրում էր վախի մթնոլորտ, այժմ ես եկել եմ բարև ասել ձեզ և հիշեցնել, որ ոչ ոք ձեր իրավունքի վրա չի կարող բռնանալ: Դուք չեք ընտրել Րաֆֆիին Սերժի դեմ, դուք ընտրել եք մեր երեխաների ապագան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ «բարևի մեջ» Աշտարակ կա:
Նրա խոսքով՝ ոչ թե հրաժարական պետք է տա Շիրակի, այլ Արագածոտնի մարզպետը:
Աշտարակում հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը կուղևորվի Ապարան, Սպիտակ, Վանաձոր, ապա Գյումրի:
Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Սպիտակում հարսանիքին մասնակցելու համար, և ինքը սիրով կմասնակցի:
‘