‘Փարպեցու փաբերն ընտրարշավի զո՞հ. Ժամանակավորապես փակ է դրանցից մեկը’

1463

Փարպեցու փողոցի վրա գտնվող փաբերը լիցենզիայի տրամադրման խնդիր ունեն։ Դրանցից մեկը՝ «Metro Music»–ն արդեն իսկ փակվել է, մինչև լինցենզիա ստանալու հետ կապված խնդրի կարգավորումը։ Այս մասին փաբի ֆեյսբուքյան էջում հայտարարել է փաբի սեփականատեր Հայկ Թովմասյանը։

Եթե երկու օրվա ընթացքում իրավիճակը չպարզվի, ապա «Metro Music»–ի տարածքը վարձակալության է տրվելու, հայտնում է emedia.am-ը:

Նշենք, որ Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի առևտրի և սպասարկման վարչությունը հրաժարվում է լիցենզիա տրամադրել փաբերին գիշերը ժամը 12։00–ից հետո աշխատելու համար, իսկ փաբի սեփականատերերը նշում են, որ մինչև 12–ն աշխատելն իրենց ընդհանրապես ձեռնտու չէ, քանի որ հիմնական շարժը ժամը 00։00–03։00 ընկած ժամանակահատվածն է։ 

Թաղապետարանի վերոնշյալ բաժինը փաբերին լիցենզիա չտրամադրելը պատճառաբանում է ուշ ժամերին աղմուկի առկայությամբ, ինչն առաջացնում է բնակիչների դժգոհությունը, ովքեր էլ համապատասխան բողոքով դիմել են թաղապետարան։ 

Բացի այդ, մեր ունեցած տեղեկություններով, տեղի բնակիչների պահանջը բավարարվել է հաշվի առնելով ընտրությունները։ Հարկ է նշել, որ թաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետի տեղակալ Արման Ավագյանը Պուշկին փողոցի վրա գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն է, հետևաբար որոշումը կայացվել է ընտրություններից առաջ ժողովրդի բողոքին ընդառաջ գնալու և նրանց ցանկությունը բավարարելու համար։ 

Երևանի քաղաքապետարանի նույնանուն վարչության պետի տեղակալ Արսեն Մովսիսյանն նշել է, որ լիցենզիա չի տրամադրվում 4–5 օբյեկտի, որոնց դեմ բողոքել են քաղաքացիները։ 

Իսկ ահա թաղապետարանի համապատասխան վարչության պետի տեղակալ Արման Ավագյանի հետ կապվել այդպես էլ չհաջողվեց։ 

Նախորդ հոդվածը‘Լավագույնը շարունակում է մնալ «Բարսելոնան». IFFHS’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Բադալյան. Եթե հինգ տարի առաջ մարդիկ հույս ունեին իրենց ապագայի նկատմամբ, ապա այսօր այդ հույսը գոյություն չունի’