‘Փորձագետ. «100 դրամ» ակցիան տրանսպորտի շուկան վերաձեւելու նպատակով լավ կազմակերպված PR-պրոյեկտ է’

2773

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը վստահ է, որ Երեւանի տրանսպորտի ուղեվարձերի թանկացման դեմ բողոքի ալիքը ինքնաբուխ շարժում չէր, այլ լավ կազմակերպված PR-նախագիծ, որը նպատակ ունի վերաձեւել Երեւանի տրանսպորտի գծերի շուկան:

iLur.am-ի հետ զրույցում պարոն Բադալյանը նկատեց, որ իշխանության մեջ գոյություն ունեցող տարբեր խմբավորումները հուլիսի 20-ից դեռ շատ առաջ շատ լավ տեղեկացված էին, որ տրանսպորտը թանկանալու է:  

«Երթուղային գծերի վերաբաշում անելու համար իշխանության մի խմբավորման ներկայացուցիչը չի կարող մյուս խմբավորման ներկայացուցչին ասել՝ դուրս արի դաշտից, ես մտնեմ: Պատրվակ եւ տեղեկատվական ֆոն էր պետք ստեղծել, ինչպես  նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին պաշտոնանկության ժամանակ տեղի ունեցավ», — նշեց փորձագետը:

Նրա խոսքով, այս PR-պրոյեկտի հեղինակները օգտագործեցին անցյալ տարի «Մաշտոցի պուրակ» պրոյեկտի ժամանակ արդեն որոշակի փորձ ձեռքբերած երիտասարդ ակտիվիստների մոտ 100-150 հոգանոց խումբը:

«Բաժանվում էին 30-50 հոգանոց խմբերի, գնում էին տարբեր կանգառներ ու գոռում «100 դրամ»:   Ընդ որում, այդ խմբերից ամեն մեկն ուներ իր կոմիսարը: Այդ Կոմիսարը գիտեր, թե ում հանձնարարականն է կատարում, բայց մյուսները չգիտեին: Կոմիսարը հավաքվածներին ասում է՝ «գիտեք, կա Տարոն Մարգարյան, որը չարիք է, պետք է գնալ չարիքի դեմ պայքարել»: Երբ այս մի քանի հարյուր երիտասարդները կանգառներում սկսեցին վանկարկել իրենց կարգախոսները, ԶԼՄ-ները, անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից, սկսեցին անընդհատ «ռասկրուտկա անել» այդ ակցիաները: Ինչքան թեման ավելի շատ «ռասկրուտկա եղավ», այնքան ավելի շատ երիտասարդներ ընդգրկվեցին այս գործընթացի մեջ: Եվ փաստորեն, նրանք անուղղակի կերպով ուղղորդվում էին հենց այն մարդկանց կողմից, ովքեր ստեղծել էին ինֆորմացիոն առիթը: PR-պրոյեկտի տրամաբանությունն էլ հենց այս էր. ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի երիտասարդները տարիքային համերաշխության սկզբունքով միավորվեն մեկ նպատակի շուրջ: Հասկանալի է, եթե շարժմանն ավելի ուշ միացած երիտասարդին հարցնես՝ քեզ ինչ-որ մեկն ուղղորդե՞լ է, նա անկեղծորեն կպատասխանի՝ ոչ, որովհետեւ, իսկապես, նրան ոչ ոք չի հորդորել միանալ ակցիային, նրա համար պայմաններ են ստեղծել, որպեսզի նա միանա ակցիային:  PR-պրոյեկտի տրամաբանությամբ, երիտասարդները պետք է հավատան, որ իրենց ոչ ոք չի ուղղորդում, իրենք հեղափոխություն են անում», — ներկայացրեց Արմեն Բադալյանը:

Որպես հաջողված PR հնարք, փորձագետը նշեց նաեւ ամիսներ առաջ Տարոն Մարգարյանի տված հարցազրույցը, որտեղ քաղաքապետը վստահեցնում է, որ տրանսպորտի թանկացում չի լինելու:

«Եթե հիշում եք, Տարոն Մարգարյանը ընտրությունների շրջանում խուսափում էր լրագրողների հետ շփումներից: Բայց ահա մի տեղ նա հաճույքով հարցազրույց է տալիս եւ ամենայն վստահությամբ ասում, որ տրանսպորտի գները չեն բարձրանալու: Երկու ամսից թանկացնում է գները եւ հենց այդ հարցազրույցն օգտագործում են իր դեմ», — նշեց պարոն Բադալյանը:

Նրա խոսքով, պատահական չէ նաեւ, որ մինչեւ թանկացման որոշումը կասեցնելը Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող երիտասարդներն այժմ պահանջում են երկու պաշտոնյաների՝ քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը՝ մեղադրելով նրանց կոռուպցիոն գործունեության մեջ:

«Այնպիսի տպավորություն է, որ Երեւանում, ասենք, հողհատկացումների, ապօրինի շինարարության, առեւտրի եւ սպասարկման բնագավառներն անթերի են եւ այնտեղ կոռուպցիա չկա: Բայց նրանք պհանջում են այս երկու պաշտոնյաների հրաժարականը, որովհետեւ նրանք Երեւանի տրանսպորտի շուկայում լուրջ ազդեցություն ունեցող մարդիկ են: Եթե նրանք պաշտոնանկ արվեն եւ նրանց փոխարեն գան այլ մարդիկ, այդ ժամանակ արդեն տրանսպորտի շուկայում վերափոխություններ, վերաբաշխումներ տեղի կունենան. սա է ամբողջ խնդիրը», — նշեց փորձագետը:

Ըստ Արմեն Բադալյանի, այս PR- պրոյեկտի հեղինակն այն նույն խմբավորումն է, որ որը ղեկավարում էր Մաշտոցի պոււրակի ջոկատին, ով ունի իրեն ուղղակի կամ անուղղակի աջակցող լրատվամիջոցներ, ով ունի փող եւ ով ժամանակին չի հասցրել մտնել «գծերի» շուկայի մեջ: «Ահա այս չորս պայմանները համադրելով, կարծում եմ, կարելի է ենթադրել, թե ով է շահագրգռված այս ամենում», — նկատեց նա:

Ըստ Արմեն Բադալյանի, եթե այս երկու պաշտոնյաների հրաժարականը պահանջող շարժումըհ հաջողությամբ պսակվի, ապա այս պրոյեկտը երկու ավարտ կունենա:

«Կա՛մ բարեփոխումներ անելու անվան տակ նոր մրցույթներ անցկացնելու միջոցով որոշ «թույլ» գծատերեր շուկայից դուրս կգան ու նրանց տեղը կզբաղեցնեն նորերը, կամ ողջ տրանսպորտային համակարգը կպետականացվի, կստեղծվի մեկ ընդհանուր համայնքային ուղեորափոխադրումներ կազմակերպող ընկերություն: Իհարկե, այս ողջ գործընթացի արդյունքում տրանսպորտի ուղեվարձերը կարձրացվեն: Սրանում ոչ մի կասկած», — եզրափակեց փորձագետը: 

Նախորդ հոդվածը‘Մահացել է Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնը’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը փորձում է «կռուտիտ լինել»’