‘Փուչիկների գործով «փուչիկ» դատավարությունը ‘

1021

ՀՀԿ-ի փուչիկների գործով միակ «մեղադրյալ» Սերոբ Բոզոյանին մեկ տարվա ազատազրկման դատապարտելը վերջնականապես ցույց տվեց Սերժ Սարգսյանի իշխանության ողջ սնանկությունը: Երբ Սարգսյանն ապօրինաբար ազատազրկել է տալիս ընդդիմության ակտիվիստներին, քաղաքական գործիչներին, ապա հասկանում ես` նա պատերազմ է հայտարարել բոլոր այն գործիչներին, ովքեր կարող են իրեն հեռացնել պաշտոնից: Բայց երբ արդեն նման որոշումներ են կայացվում «հասարակ մահկանացուների» նկատմամբ, հասկանում ես, որ դեռեւս պաշտոնավարող Սերժ Սարգսյանը պատերազմ է հայտարարել ողջ ժողովրդին: Ուրեմն, բռնել են մի խեղճ ու կրակ Բոզոյանի, ով, ըստ իշխանական քարոզիչների տրամաբանության, իր տանը հազարավոր փուչիկներ է փչել` լիցքավորելով մեթանով, եւ դրանք դավադրաբար մատակարարել է ՀՀԿ-ի անմեղ ներկայացուցիչներին:

Հիմա վերադառնանք այս տարվա մայիսի 4-ին. Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ն իր ամփոփիչ համերգ-հանրահավաքն անցկացրեց: Հսկայածավալ մի միջոցառում, որի համար, նույնիսկ առաջին հայացքից երեւում է, որ մեծ գումարներ են ծախսվել: Միջոցառման մասշտաբայնությունն արդեն իսկ ցույց էր տալիս, որ այն մանրակրկիտ կազմակերպվել էր, հստակ ֆիքսվել էր յուրաքանչյուրի գործողությունների հերթականությունը, պլանավորվել ու փորձարկվել էր: Ու եթե չլիներ փուչիկների չարաբաստիկ պայթյունը, մենք նույնիսկ չէինք էլ իմանա, որ փուչիկները լիցքավորված են մեթանով, որ դրանք կարող են եւ պայթել: Բայց փուչիկները պայթեցին, հարյուրավոր երիտասարդներ վնասվածքներ ստացան, եւ դրանից հետո սկսվեց ամենանողկալին: Հանրապետականները, որ սկզբում նույնիսկ խուսափում էին ոտք դնել հիվանդանոցներ, հետո այնտեղ հայտնվեցին նվերներով եւ ամեն ինչ արեցին, որպեսզի երիտասարդներն իրենցից պարտք ու պահանջ չունենան: Դե պարզ է, չէ՞, եթե սկսեին գործի մեջ խորանալ, ՀՀԿ-ի վրա այդ ամենը թանկ կնստեր, ավելի թանկ, քան ոմանց համար այդ առիթով գնված iPad-ներն էին: Իշխանությունները չխորշեցին սեփական կաշին փրկելու գործում օգտագործել երիտասարդներին, մարդկանց, ովքեր դեռ չէին հասցրել ուշքի գալ պայթյունից, իսկ մի մասն էլ նույնիսկ ամառվա շոգին ձեռնոցներով ու փակ հագուստներով էր տնից դուրս գալիս:

Դե իսկ դատավարությունն արդեն մարտահրավեր էր մեզանից յուրաքանչյուրին: Ուրեմն, մի խեղճ Բոզոյան, իր տանը նստած, փուչիկներ է լիցքավորում մեթանով: Նրա մոտ են գալիս ՀՀԿ-ի երիտասարդները ու հազարավոր փուչիկներ են պատվիրում: Մարդը զգուշացնում է, որ մեթանով լիցքավորված փուչիկները կարող են պայթել, եթե անվտանգության կանոնները չպահպանվեն: Պարզ բան է՝ եթե հելիումով ես լիցքավորում, ապա անվտանգ է, բայց թանկ: Եթե մեթանով՝ ուրեմն, էժան է, բայց` վտանգավոր:
Բայց երիտասարդները գնում եւ համերգի են տանում հենց մեթանով լիցքավորված փուչիկները: Ու լինում է այն, ինչի մասին զգուշացրել էր լիցքավորողը: Դե պարզ բան է, նման զանգվածային միջոցառման ժամանակ անվտանգության կանոններին հետեւելը հեշտ բան չէ: Հազարներով մարդիկ են բերել Հայաստանի տարբեր վայրերից՝ մի մասն ինքնակամ, մեծ մասը` զոռով, մյուսներին խաբել էին համերգով եւ բերել էին հրապարակ, ու մարդկանց պետք էր ուրախանալու հնարավորություն տալ: Մարդիկ էլ ուրախանում էին իրենց համար, երգեր էին լսում, ոմանք էլ ծխում էին: Ի՞նչ իմանային, որ հրապարակում դանդաղ գործողության ռումբ է տեղադրված: Ծխախոտով մեկ անզգույշ շարժում եւ….Ի՞նչ իմանային, չէ՞ որ ՀՀԿ-ից եւ ոչ մեկն իրենց այդ մասին չէր զգուշացրել: Ոչ մեկը չէր ասել` ժողովուրդ, փուչիկների մոտ մի ծխեք, դրանք հելիումի փոխարեն մեթանով ենք լիցքավորել, որ էժան նստի, իսկ մեթանը ցանկացած պահի կարող է եւ պայթել: Ինչի՞ զգուշացնեին, կարեւորը, որ ահագին գումար էին խնայել, իսկ մարդկանց կյանքերը իրենց ինչի՞ պիտի հետաքրքրեին, եթե հետաքրքրեին՝ զոռով չէին հավաքի նրանց ու բերեին հրապարակ, կթողնեին, որ գան նրանք, ովքեր ցանկություն ունեն գալու: Բայց մարդկանց զոռով բերեցին հրապարակ, օղակեցին երկաթե պատնեշներով, որ չթողնեն ու չփախչեն, հետո կրակ թափեցին մարդկանց գլխին, հետո նվերներով գնացին հիվանդանոցներ` իբր մեղայականով, բայց իրենցից ոչ մեկին էլ այդ դեպքի կապակցությամբ ոչինչ չեղավ: Գտան մի խեղճ Բոզոյանի, ով խոստովանեց իր մեղքը եւ ներողություն խնդրեց տուժածներից: Ահա սա է Սերժ Սարգսյանի արդարադատությունը: Սկզբում նա կոծկում է Մարտի մեկի սպանությունները, հետո՝ քաղբանտարկյալների գործերը, հետո անցնում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Յուրաքանչյո՛ւր:
Փուչիկների գործով դատավարությունը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի յուրաքանչյուր խոսքը փուչիկ է: Այդ թվում եւ՝ արդարության մասին նրա հնչեցրած խոսքերը:

Պարգեւ Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը համակարծիք է Pussy Riot-ի հարցում Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու դիրքորոշմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Սերբիա – Անգլիա հանդիպումը սկանդալային ընթացք է ունեցել. տեսանյութ’