‘Քահանա. Ինչպես Եվան գնաց օձի հետևից, այնպես էլ հայ կինն է գնում օտարի հետևից ‘

946

«Խնդիրը դրամատիկ է, եթե նույնիսկ կան սահմանափակ թվով դեպքեր: Ըստ էության՝ ամուսնությունը շատ անձնական խնդիր է, կարելի է ասել, որ յուրաքանչյուր կնոջ անձնական գործն է, սակայն հարկ կա հրապարակայնացնել այդ խնդիրը»,-այսօր լրագրողների հետ ասուլիսում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու հայ աղջիկները նախապատվությունը տալիս են արտասահմանցի, հատկապես՝ պարսիկ փեսացուներին:
Ըստ նրա՝ կանայք «ազգակենտրոն ֆունկցիա կատարողներ» են: 
«Հայ կանանց մոտ այժմ նկատելի է դառնում ազգակենտրոնության խախտում, իսկ հնում հայ կինը պատրաստ էր ինքնասպան լինել, միայն չտվեր օտար տղամարդուն»,- ասաց հոգեբանը:
Պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե արդյո՞ք հայ տղամարդու կողմից այլ ազգի ներկայացուցչի հետ ամուսնությունը նույնքան բացասաբար է գնահատվում՝ վերջինս ասաց.
«Իրականում կանանց խառնամուսնությունը կարող է ավելի բացասական հետևանք կրել, քանի որ ազգի շարունակությունն ընդհատվում է: Հայ տղամարդկանց խառնամուսնության դեպքերը նորություն չեն մեզ համար, իսկ կանանց դեպքերը նոր են ի հայտ գալիս: Չնայած՝ տղամարդկանց կողմից խառնամուսնությունը նույնպես հղի է վտանգներով»,- ասաց հոգեբանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ ինքն իրականում անհավասարություն չի դնում կնոջ և տղամարդու միջև:
Կարինե Նալչաջյանը, սակայն, չէր տիրապետում վիճակագրությանը, թե քանի հայ կին է վերջին մի քանի տարվա ընթացքում ամուսնացել օտարի հետ: Ըստ նրա՝ պատճառները բազմաթիվ են, որպես օրինակ՝ ֆինանսական վիճակը, տղամարդկանց գործազրկությունը, լավ կյանքի ձգտումը:
Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն էլ խառնամուսնությունը բնորոշեց այսպես՝ պատրանք է և խաբեություն. ինչպես Եվան գնաց օձի հետևից, այնպես էլ հայ կանայք են գնում օտար տղամարդու հետևից:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում տեղակայված ՌԴ գլխավոր հյուպատոսարանում նշվեց Ռուսաստանի Ժողովրդական միասնության տոնը ‘
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան քննարկում է ռազմական օդանավերը Պարսից ծոց ուղարկելու հարցը ‘