‘
«Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի մեծ ժողովի՝ Մեջլիսի ընդունած որոշման համաձայն՝ խորհրդարանը Թուրքիայի իշխանություններին լիազորում է մեկ տարի ժամկետում արտասահմանային ռազմական գործողություններ իրականացնել: Խնդիրն այն է, որ Թուրքիան սահմանակից է ոչ միայն Սիրիային, այլև Հայաստանին, Իրանին, Իրաքին, Վրաստանին, բալկանյան երկրներին, այդ թվում՝ Մակեդոնիային, որի պատվի հյուպարոսն եմ ես Հայաստանում: Արդյոք թուրքական ռազմական ուժը իրավասու չէ կամ չունի լիազորություններ վաղը մտել, օրինակ, Գյումրի, Հունաստան կամ Իրաք՝ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով: Զարմանալին այն է, որ նման բանից հետո ողջ աշխարհում գրեթե չեղավ փորձագիտական գնահատական: Այսինքն՝ ստացվում է, որ ինչ-որ ուժեր հրահրում են Թուրքիային պատերազմել սահմանակից պետությունների հետ», — iLur.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը՝ նկատելով, որ թուրքական իշախանությունների արտաքին քաղաքականության «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսն Էրդողանի օրոք վերափոխվել է «հարյուր խնդիր հարևանների հետ» կարգախոսի:
Ակադեմիկոսի խոսքով՝ խնդիրներն այնքան շատացել են, որ Թուրքիայի խորհրդարանը նման որոշում է ընդունում՝ չնշելով ռազմական գործողություններ իրականացնելու հստակ սահմանը՝ թուրք-սիրիական, թուրք-հայկական, թե թուրք-իրանական:
Ըստ բանախոսի՝ Թուրքիայի իշխանություններն ակնկալում էին ՌԴ նախագահի այցը Թուրքիա հոկտեմբերի 14-ից 15-ը, այսօր էր նախատեսված թուրքական ցամաքային օդուժի ներխուժումը Սիրիա:
«Կստացվեր այնպես, որ ռուսական կողմի համաձայնությամբ է Թուրքիան ռազմական գործողություններ սկսում Սիրիայում, և Մերձավոր Արևելքում Ռուսաստանի նոր քաղաքականությունը հօդս էր ցնդում, և քանդվում էր հակակշիռների մեխանիզմը: Բարեբախտաբար, այցը հետաձգվեց՝ վերլուծելով դեպքերի նմանօրինակ ընթացքը: Դրան հաջորդեց սիրիական ավիաուղիների, կոպիտ ասած՝ բռնագանձումը, որը Թուրքիայի կողմից օդահենություն է, քարվան կտրելու մուսուլմանական քաղաքականություն »,- ասաց նա՝ նշելով, որ Թուրքիան այսօր հիստերիայի մեջ է:
‘