‘Քաղաքապետի խորհրդականի որդին ազատ արձակվեց, իսկ Հայկ Կյուրեղյանը՝ կալանավորվեց’

1852

Քանաքեռ-Զեյթուն թաղամասում հունիսի 6-ի երեկոյան հնչած կրակոցների գործով ձերբակալված Սամվել Քոթանջյանին երաշխավորությամբ ազատ են արձակել: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Ֆոտոլրագրողի Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ երաշխավորագիր են ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանն ու Գագիկ Մելիքյանը, ինչից հետո Ս. Քոթանջյանը մինչև նախաքննության փուլի ավարտը ազատ է արձակվել: Ստորագրությամբ ազատ են արձակվել նաև կռվի մյուս մասնակիցները: 

Հիշեցնենք, որ Սամվել Քոթանջյանը Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին է, ով հունիսի 6-ին ժամը 22.50-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ եւ 1 գնդակ:

Նշենք նաեւ, որ ոստիկանությունը այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել Կենտրոն եւ Ներք-Մարաշ համայանքների ընդհանուր իրավասության դատարանի բակում տեղի ունեցած դեպքի առթիվ՝ հայտնելով, որ կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը կալանավորվել է: Հիշեցնենք, որ նա դատարանի շենքի առաջ օդամղիչ ատրճանակով կրակել էր ոստիկանների ուղղությամբ:

Այսպիսով՝ ի՞նչ է ստացվում. հրազենային կրակոցներ արձակած երիտասարդը, ով հանդիսանում է Տարոն Մարգարյանի խորհրդարկանի որդին, ազատ է արձակվում, իսկ օդամղիչ ատրճանակով բողոքի ակցիա իրականացնող երիտասարդը անհապաղ կալանավորվում է: Քաղաքապետի խորհրդականի որդին ոչնչով չի տարբերվում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդուց եւ թիկնապահից, ովքեր Ավետիք Բուդաղյանին սպանելուց եւ նրա եղբայր՝ Արտակ Բուդաղյանին վիրավորելուց երկու ամիս անց ազատ են արձակվում եւ քրեական գործում ներգրավվում են որպես վկա:

 

Նախորդ հոդվածը‘ Հյու Բեյլի. ՆԱՏՕ-ն կշարունակի ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված իր ջանքերը’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մանուել Բարոզու. Ճիշտ չէ Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելու համար մեղադրել Եվրամիությանը’