‘Քանի դեռ շարունակվում է զանգվածային արտագաղթը, Ադրբեջանը պատերազմ չի սկսի ‘

1529

Ս. Սարգսյանի վերջին հարցազրույցները արտաքին քաղաքական ուշագրավ շեշտադրումներ են պարունակում, ինչպես նաեւ բացահայտում են միջազգային հանրությունը վերաբերմունքը այս իշխանությանը: Այսպես, որեւէ միջազգային լրատվամիջոցի` լինի դա Le Figaro, The Wall Street Journal կամ  Reuters, չի հետաքրքրում Հայաստանը` հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂ հակամարտության կարգավորման ու Ցեղասպանության ճանաչման կոնտեքստից դուրս: Ճանաչված պարբերականները չեն հարցնում, թե Հայաստանը ի՞նչ կարող է առաջարկել աշխարհին, ինչո՞վ հարստացնել քաղաքակրթությունը, միջազգային քաղաքականության, անվտանգության, տնտեսության զարգացման հարցերում ինչպիսի՞ ներդրում կարող է ունենալ Հայաստանը:

Որեւէ լրատվամիջոց չի հետաքրքրվում, թե ինչպե՞ս Ս. Սարգսյանը հաջողացրեց շուրջ հինգ տարի պաշտոնավարել առանց մամուլի ասուլիս հրավիրելու: Բացի կարճ` մի քանի րոպեանոց հանդիպումներից` չի տվել որեւէ հանգամանալից հարցազրույց տեղական լրատվամիջոցներին: Ի դեպ, այս հանգամանքը զարմանալիորեն չի հետաքրքրում նաեւ իր թեկնածությանը լոյալ վերաբերող հայկական տասնյակ լրատվամիջոցներին: Միջազգային հանդեսները չեն հարցնում, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ իր ընտրության հետ առնչություն ունեցող իրադարձություններում 10 մարդ զոհվեց եւ քաղաքի կենտրոնում կատարված այդ սառնասիրտ սպանությունները չեն բացահայտվում շուրջ 5 տարի: Միջազգային լրատվամիջոցներին չի հետաքրքրում նաեւ, թե ինչպե՞ս նախագահական ընտրություններից առաջ գործ թխվեց ընդդիմության ակտիվիստների, ինչպես նաեւ տաս տարի ԱԳ նախարար աշխատած անձնավորության վրա, մեկի, ով հաջողացրել էր պաշտոնավարման ժամանակ ոչ միայն բազմամիլիոնանոց ներդրումներ ներգրավվել երկիր, այլեւ մեր երկիր բերել Հայաստանով մինչ այդ առանձնապես չհետաքրքրվող Ք.Քրքորյանին` իր խոշոր բարեգործական ծրագրերով: Որեւէ մեկին չի հետաքրքրում նաեւ այն, որ Արժույթի միջազգային հիմնադրամի նախօրեին հրապարակած զեկույցով Հայաստանի տնտեսության ստվերայնության աստիճանը ամենաբարձրներից մեկն է ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանում, այլեւ` արեւելաեվրոպական եւ կենտրոնասիական երկրների շարքում: Ըստ այդ զեկույցի` Հայաստանի ստվերային տնտեսությունը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի ավելի քան 35 տոկոսը: Ս. Սարգսյանը հաջողացրեց այնպես անել, որ Հայաստանում տեղի ունեցածը խոշոր հաշվով այլեւս ոչ մեկին չի հետաքրքրում, Հայաստանն ինքն էլ մարգինալացվում ու մաշվում է:

ԼՂ խաղաղ  կարգավորում

Մեկ այլ դիտարկում կարելի է անել ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի, ավելի ճշգրիտ` բանակցային գործընթացում առկա փակուղու վերաբերյալ: Le Figaro-ին տված հարցազրույցից պարզ է դառնում, որ այլեւս Մադրիդյանը արդիական փաստաթուղթ չէ: Ադրբեջանցիները ցանկանում են միանգամից մեծ/վերջնական պայմանագիր ստորագրել եւ հետաքրքրված չեն Մադրիդյանով: Սա ցույց է տալիս, թե ինչ ճանապարհ անցավ Ս. Սարգսյանը 5 տարվա ընթացքում` ժառանգելով հատուկ կարծես իր համար 2007 թվականին ստեղծված փաստաթուղթ եւ կանոնավոր գործող բանակցային ֆորմատ, նա փոշիացրեց եղածը` կանգնեցնելով Հայաստանն ու Ղարաբաղը անորոշության առջեւ. ավելի քան 10 ամիս չկա եւ հեռանկարում չի սպասվում բանակցային գործընթաց բարձր մակարդակում, չկա եւ հակամարտության բոլոր կողմերի ճանաչված փաստաթուղթ, որը կարելի է ընդունել որպես բանակցությունների հիմք:

The Wall Street Journal-ին եւ Reuters-ին  տված հարցազրույցում Ս. Սարգսյանը կրկին խոսում է պատերազմի հնարավորության մասին, ակնհայտորեն խտացնելով գույները: Հերթական անգամ մեր բնակչությանը ահաբեկելով վերահաս պատերազմի վտանգով, Ս. Սարգսյանը քաջ գիտակցում է, որ ռազմական գործողություններին դիմելու Ադրբեջանը չունի եւ ոչ մի պատճառ: Ո՞ր մի երկիրը կգնա նման արկածախնդրության, եթե առանց պատերազմին ուղեկցող մարդկային կորստի ռիսկերի նա ունենում է նույնանման արդյունքը` հետզետե պակասում է իր հակառակորդ երկրի բնակչությունը: Այդ ի՞նչ պատերազմ պետք է լինի, որ Ադրբեջանը կարողանա հասնի տարեկան 60.000-80.000 հայերի փաստացի տարհանմանը երկրից: Ի՞նչ պատճառ կա պատերազմի սանձնահարման հեռանկարով պետության դեմ տրամադրելու միջազգային հանրությանը, եթե Հայաստանում կա «գործընկեր», որի ողջ կառավարումը իսկական պատերազմ է սեփական ժողովրդի դեմ. այլապես ժողովրդի ինտելեկտուալ և արհեստավարժ հատվածը զանգվածաբար չէր հեռանա երկրից: Որքան էլ բռնապետ ու արնախում, Ի. Ալիեւը խելքը չի թռցրել, որպեսզի չհապաղի, քանի դեռ Հայաստանը նոր թափով դատարկվում է: Մինչեւ Հայաստանում չդադարի արտագաղթը` Ադրբեջանը չի էլ մտածի պատերազմի մասին, քանի որ Ս. Սարգսյանի ռեժիմից լավ ադրբեջանական ստրատեգիական նպատակները ոչ ոք չի իրագործի:

Հայթուրքական հարաբերություններ

Վերջին չորս հարցազրույցներից միայն մեկում է Ս. Սարգսյանը խոսում այդ թեմայից: Այլեւս բոլորն են հասկանում, որ հայ-թուրքական հարաբերությունները անհուսալի փակուղում են: Վերջերս իշխանավորները մշտապես հիշեցնում են, որ «գնդակը Թուրքիայի կիսադաշտում է»: Նման ձեւակերպումով միայն ամրապնդվում է այն իրողությունը, որ Հայաստանից այլեւս որեւէ բան կախված չէ, մենք չունենք որեւէ քայլ անելու հնարավորություն, գործընթացի ճակատագիր տնօրինում է միայն Թուրքիան: Այս հանգրվանին եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցմանը հասավ Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման ընթացքում:

Վլադիմիր Կարապետյան 

Նախորդ հոդվածը‘«Հեռուստամարաթոն 2012». Շուրջ 21.5 մլն դոլարի նվիրատվություն’
Հաջորդ հոդվածը‘Տեխասում 140 մեքենա է բախվել (տեսանյութ)’