‘Քեթրին Լիչ. Շարունակեք ազատորեն արտահայտել ձեր տեսակետները’

841

Դեսպանի հարցազրույց, ասուլիս դեռ չենք նախատեսում, քանի որ ամեն ինչ ի սկզբանե եղել է բլոգի մակարդակով: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ղեկավար Լիլիթ Քալանթարյանը:

«Դա ընդամենը եղել է բլոգի գրառում, մենք պատրաստ ենք բոլոր հարցերին կամ մեկնաբանություններին արձագանքել մեր բլոգի կամ «Ֆեյսբուքի» էջի միջոցով»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը երեկ իր բլոգում գրառում է արել, որում, մասնավորապես, նշում է. «Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրնե՞րը, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը, կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում»:

Այսօր Բրիտանիայի դեսպանատան «Ֆեյսբուքի» էջում մեծ հասարակական հնչեղություն ստացած գրառմանն անդրադարձել է ինքը՝ դեսպան Քեթրին Լիչը: Նրա գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Շնորհակալություն իմ բլոգի բոլոր արձագանքների և մեկնաբանությունների համար` թե՛ դրական և թե՛ բացասական: Բլոգը և՛ շեշտադրում է համատեղ այն մեծ աշխատանքը որ իրականացրել ենք Հայաստանում 2012-ին ու այս տարի էլ շարունակելու ենք` քաղաքականության, տնտեսության և առևտրի, ռազմական, մշակութային ու կրթական ոլորտներում, և՛  ներառում է ընտրություններին առնչվող որոշ հարցերի ուսումնասիրություն՝ ներառյալ այն հարցերը, որ Հայաստանի գործընկերներն են տալիս` տարբեր մասնակիցների հետ հանդիպելիս և ընտրապայքարին հետևելիս: Սերժ Սարգսյանն ինքը հետաքրքիր դիտարկում ներկայացրեց Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում. «Իհարկե, ընտրությունները մենք մեզ համար ենք անցկացնում, բայց մենք գործում ենք միջազգային հանրության տիրույթում, եւ շատ ցանկալի ու նույնիսկ՝ անհրաժեշտ պահանջ է, որպեսզի այդ հանրության անդամները քեզ համարեն իրենցից մեկը»: Կարծում եմ` այստեղ ամեն ինչ շատ լավ ձևակերպված է: Մենք երկուստեք փորձում ենք ավելի լավ հասկանալ միմյանց տեսակետները՝ նպատակով, որ խորացնենք մեր ընդհանուր արժեքները և ընդհանուր ընկալումները: Այդ ոգուն համապատասխան` շարունակեք ազատորեն արտահայտել ձեր տեսակետները: Ինձ դուր եկավ Չերչիլի ցիտատը` լավատեսը հնարավորություն է որոնում: Հենց այդ միտումն է ինձ մղում շարունակաբար որոնել ու քաջալերել ՄԹ-ի ու Հայաստանի միջև ավելի սերտ կապեր»:

Նախորդ հոդվածը‘Վահրամ Աթանեսյանը ընդունել է ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի մի խումբ պրոֆեսորների և ուսանողների’
Հաջորդ հոդվածը‘Դավոսում Մեդվեդևն առաջին անգամ շփվել է Վրաստանի վարչապետ Իվանիշվիլիի հետ’