‘
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդարդառնում է հոգեբուժական հաստատություններում առկա ոչ պատշաճ պայմաններին, ինչպես նաեւ ոչ լիարժեք բուժման եւ խնամքի տրամադրմանը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
Օմբուդսմենի ներկայացուցիչների կատարած վերջին այցերի ընթացքում պարզվել է, որ հոգեբուժական հաստատություններում հիվանդների խնամքը դարձյալ պատշաճ չի կատարվում: Սանիտարահիգիենիկ պայմանները բավարար չեն. հիվանդասենյակներն ու աշխատասենյակները, խոհանոցն ու լվացքատունը անմխիթար և ոչ բարվոք վիճակում են: Հոգեբուժարաններում հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք, բացակայում են արդիական հոգեմետ դեղերը: Լինում են դեպքեր, երբ հոգեբուժարանի աշխատակիցները, հիվանդի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելով, հանգստացնող դեղ են ներարկում մյուս բոլոր հիվանդների ներկայությամբ:
Մի շարք հոգեբուժական հիմնարկներում հոգեբույժները, սանիտարները չափազանց քիչ են, ինչը հանգեցնում է ոչ լիարժեք բուժման և խնամքի տրամադրման: Օրինակ, Վարդենիսի տուն-ինտերնատում մեկ հոգեբույժը սպասարկում էր մոտ 450 անձի: Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում հոգեբույժի 7 հաստիքից միայն 3-ն է համալրված:
«Նորք» հոգեբուժական կլինիկայում դեռևս չի ապահովվում հիվանդների սննդի պատշաճ որակը: Օմբուդսմենի ներկայացուցիչների վերջին այցելության օրը՝ հուլիսի 15-ին, հոգեբուժական կլինիկայում առկա չէին ճաշացանկը և նախորդ օրվա սննդի նմուշը: Պարզվեց նաև, որ «Նորք» հոգեբուժական կլինիկայում կաթնամթերք վերջին անգամ ստացել են անցյալ տարի, սնունդը միատեսակ է: Սանիտարահիգիենիկ պայմանները ևս բավարար չեն:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեռևս մայիսի 18-ին այցելել էր «Ավան» հոգեկան առողջության, ինչպես նաև «Նորք» հոգեբուժական կենտրոններ և տեղում հանձնարարել արագ լուծումներ տալ բուժաշխատողների և բուժվողների մատնանշած խնդիրներին։ Օմբուդսմենը ցավով արձանագրում է, որ Նախարարի այցից և հանձնարարականներից շուրջ երկու ամիս անց էլ վիճակը գրեթե չի բարելավվել:
‘