‘ՀՀԿ-ական պատգամավորը վարկո՞վ է «վայելել Ռիոն», ԱԱ-2014 եզրափակիչը և «Ռասել Քրոուին»’

4628

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը այս օրերին գտնվում էր Բրազիլիայում, որտեղ, մասնավորապես՝ «Մարականա» մարզադաշտում, ներկա է գտնվել ԱԱ-2014-ի եզրափակիչ հանդիպմանը: Նա նաև մի շարք լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում նա պատկերված է Ջերարդ Բատլերի հետ: Ճիշտ է, ՀՀԿ-ական պատգամավորը Բատլերին շփոթել էր Ռասել Քրոուի հետ և լուսանկարը ստորագրել էր «Enjoying Rio de Janeiro! With Russel Crowe (Gladiator)! Hotel Fasano!!! (Վայելելով Ռիո դե Ժանեյրոն: Ռասել Քրոուի (Գլադիատոր) հետ):

Բայց այժմ խոսքը դրա մասին չէ:

ՀՀ ԱԺ պատգամավորը ինչքա՞ն աշխատավարձ է ստանում, և արդյո՞ք այն բավարարում է Ռիոյի «Մարականա» մարզադաշտում ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը դիտելու համար:

Նշենք, որ Սամվել Ֆարմանյանը 2013 թ. հայտարարագրել էր 450 000 դրամ և 3000 դոլար դրամական միջոցներ, իսկ պատգամավորի միակ եկամուտը աշխատավարձն էր, որը կազմել է 3 362 610 դրամ:

Հավելենք նաև, որ Fasano հյուրանոցում ամենաէժան համարի գինը կազմում է 740$, իսկ Երևանից Ռիո կարելի է հասնել նվազագույնը 840 000 դրամով: Էլ չասենք եզրափակիչ խաղի տոմսի գնի մասին:

Հարկ է նաև ընդգծել, որ Ֆարմանյանի ընտանիքի անդամները չեն հայտարարագրել դրամական միջոցներ և եկամուտ, եթե հաշվի չառնենք Ֆարմանյանի հոր ստացած կենսաթոշակը:

Մնում է եզրակացնել, որ ՀՀԿ-ական «ազգընտիրը» վարկով է գնացել Բրազիլիա, կամ էլ նա եկամուտի նոր աղբյուր ունի, որի մասին արդեն կիմանանք այս տարվա հայտարարագրից:

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմեն. Հոգեբուժական հաստատություններում հիվանդների խնամքը պատշաճ չի կատարվում’
Հաջորդ հոդվածը‘«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը կոչ է անում ՃՈ կողմից ներկայացված տուգանքները բողոքարկել դատարանում’