‘Օրվա համառոտ ամփոփում’

948

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները այսօր ստեղծել են սոցիալական հոլովակ՝ իրենց պայքարի մասին ավելի լայն զանգվածներին իրազեկելու նպատակով:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 18-ի նիստում հավանություն է տվել 2014-2016 թթ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 37,341 մլրդ դրամ (շուրջ 92 մլն դոլար) արժողությամբ ներդրումային ծրագրին: Քաղաքական ընդդիմության համոզմամբ, ռուսական կողմի հետ կառավարության գազային վերջին գործարքները բազմաթիվ վիճելի կետեր են պարունակում, այդ թվում` քրեական հանցագործության տարրերով:

Այսօր այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀՀ ԱՆ Ազգային օնկոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը հայտարարել է, որ 2008-ից 2012 թվականն ընկնած ժամանակահատվածում Հայաստանում քաղցկեղով հիվանդությունների թիվն ավելացել է 13.4%, իսկ մահվան դեպքերի թիվը`6.7%: Նրա խոսքերով, ամեն տարի հանրապետությունում բացահայտվում է քաղցկեղով հիվանդությունների 8 հազար նոր դեպքեր:

Պարզվում է, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որը պետք է մեկնարկեր դեկտեմբերի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հետաձգվել է կազմակերպիչների համար «ոչ հստակ» պատճառներով: iLur.am-ին երաժշտական շրջանակներից հասած տեղեկությունների համաձայն, փառատոնի հետաձգումը կապված է Սերժ Սարգսյանի հոր` Ազատ Սարգսյանի մահվան հետ: Մանրամասները՝ այստեղ

Հայտարարությամբ է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսը, որտեղ նշվում է, որ Կոնգրեսը կառավարությանն անվստահություն հայտնելու հարց կհարուցի ԱԺ առաջիկա նստաշրջանում:

Հայտնի է դարձել, որ առաջիկա ամիսներին Ֆրանսիայի կառավարությունը շրջանառության մեջ պետք է կդնի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ` նախագահական քարոզարշավի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ստանձնած պարտավորությանը համապատասխան:


Ոստիկանությունը նոր «հայտնագործություն» է արել. 2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ են մտնելու մի շարք օրենքներ, որոնց համաձայն` 2014 թվականի հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու, իսկ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու հանգամանքն ստուգվելու և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվություն է կիրառվելու համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով՝ նույնիսկ այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը չի շահագործվում:

Լեհաստանի նախկին նախագահ, «Սոլիդարնոստ»-ի նախկին առաջնորդ Լեխ Վալենսան այսօր հայտարարել է, որ ուկրաինական ընդդիմությունը չի կարող հասնել իշխանափոխության: «Ես այնտեղ ընդդիմության մեջ չեմ տեսնում առաջնորդի: Չեմ տեսնում մի մեծ, համաժողովրդական շարժում, միասնական կուսակցություն կամ կազմակերպություն, որոնք կարող են տապալել իշխանությունը»,- նշել է Վալենսան:

Դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մամուլի ակումբում կայացել է արցախյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորի հետ։

Իսկ մեր այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Եվրահանձնաժողովը սառեցրել է ՌԴ-ի հետ առանց վիզային ռեժիմի կիրառումը ‘
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ. Վճռաբեկ դատարանի նախագահի եղբայրը պատմել է հարազատ եղբոր հարստացման մասին (Մամուլ)’