‘Ֆիլարետ պատրիարքը հրաժարվել է Յանուկովիչի պարգևից.«Խնդրում եմ ինձ պարգևներ չհանձնել»’

903

Ուկրաինական ուղղափառ եկեղեցու Կիևյան պատրիարքության առաջնորդ Ֆիլարետը հրաժարվել է Վիկտոր Յանուկովիչի շնորհած շքանշանից: Պատրիարքի համապատասխան դիմումը տեղադրվել է պատրիարքության կայքում, հաղորդում է censor.net-ը:

Ֆիլարետը որոշել է չընդունել նաև սուրբ ավետարանիչ Հովհաննես Աստվածաբանի շքանշանը, որով նրան պարգևատրել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու Կիևյան պատրիարքության սինոդը՝ ծննդյան 85-ամյակի առթիվ: «Այն պայմաններոմ, որ հիմա ստեղծվել են Ուկրաինայում, երբ մարդիկ են զոհվել, իսկ Կիևի կենտրոնում շարունակվում է դաժան հակամարտությունը, ես խնդրում եմ ինձ պարգևներ չշնորհել: Իմ այս որոշումը պաշտպանել են նաև Սուրբ Սինոդի այլ անդամներ և ուրիշ հովվապետներ,- հայտարարել է Ֆիլարետն ու հավելել:- Ուկրաինացի ժողովրդի հետ կիսելով վիշտն ու ցավը՝ Եկեղեցին աղոթում է հանուն խաղաղության և հակամարտության դադարեցման, և բոլոր հավատացյալներին կոչ է անում միանալ այդ աղոթքին»:

Ֆիլարետը Կիևյան պատրիարքության հոգևորականներին պատվիրել է «աղոթել այնտեղ, որտեղ մարդիկ դրա կարիքը կունենան, նպաստել թշնամանքը մեղմելուն»:

Ինչպես հայտնի է, չորեքշաբթի օրը եկեղեցիների առաջնորդները կոչ են արել դադարեցնել բռնություններն Ուկրաինայում և ընդլայնված հանդիպում կազմակերպել նախագահի, ընդդիմության և հոգևորականության մասնակցությամբ՝ ճգնաժամից ելք փնտրելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Կիևում ձերբակալել են ռուսաստանցի լրագրողի, որը եղել է մահակներով զինված խմբում’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’