‘Ֆյուլեն հստակ ասաց, որ գումարները կախված են ընտրություններից ‘

873

Եվրոպացիները, հատկապես՝ եվրոպացի պաշտոնյաները, սիրում են խոսել դիվանագիտական լեզվով: Երբ մի բան իրենց դուր չի գալիս, հրապարակավ ասում են` «ցավում ենք», կամ` «ափսոսում ենք», երբեմն ասում են` «անընդունելի է»: Կամ նույնիսկ կոչ են անում ինչ-ինչ քայլեր ձեռնարկել, ավելի հաճախ` բարեփոխումներ իրականացնել: Երբեմն դրա համար եվրոպական կառույցները նույնիսկ գումարներ են հատկացնում: Ասել կուզի` դիվանագետների, հատկապես՝ եվրոպացի դիվանագետների պարագայում, նրանց ամեն մի բառը պետք է ուշադրությամբ լսել եւ ընկալել խորությամբ, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչ ակնարկներ կան թաքնված ամեն մի բառի տակ: Հենց այս նույն տրամաբանությամբ զինված էլ պետք է հետեւել երեկ Հայաստան ժամանած ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարություններին:

Ֆյուլեն, ի դեպ, ձեռնունայն չեկավ. «մտրակի եւ բլիթի» քաղաքականության համաձայն՝ իր հետ բերեց նախ բլիթը` 43 մլն եվրոյի օժանդակություն, որով պետք է Հայաստանի հաստատությունները նախապատրաստվեն Եվրոպական Միության հետ քաղաքական ասոցացմանը եւ տնտեսական ինտեգրմանը: Տիգրան Սարգսյանի ուրախությանը` անգամ պաշտոնական լուսանկարներում եւ տեսագրություններում, չափ ու սահաման չկար: Առավելեւս, որ մինչ այդ կառավարությունը հաստատել էր 2013 թվականի բյուջեի նախագիծը, որի հսկայական դեֆիցիտը` 124 միլիարդ դրամ, նախատեսվում է ծածկել հիմնականում արտասահմանյան վարկերի միջոցով:

Բայց բլիթի ազդեցությունը դեռ չանցած` պարոն Ֆյուլեն հանեց մտրակը եւ հայտարարեց. «Կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ ես այստեղ քննարկելու եմ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած մի շարք կոնկրետ առաջարկություններ: Կցանկանայինք, որ դրանք կյանքի կոչվեին մինչեւ հաջորդ տարի Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները: Բարեհաջող ընտրություններն իսկապես կարեւոր են, այլապես կընդհատվեն այն շարունակական բարեփոխումները, որոնք մենք ցանկանում ենք տեսնել»:

Եթե դիվանագիտական լեզվից այս նախադասությունը թարգմանենք սովորական հայերենի, ապա կստացվի, որ հանձնակատարն ուղղակի հայտարարեց, որ եթե նախագահական ընտրությունները չհամապատասխանեն ԵՄ ակնկալիքներին, ապա գումարի մասին (իսկ գումարները տրամադրվում են հենց բարեփոխումների համար) կարող եք մոռանալ: Իհարկե, դեռեւս քննարկման հարց է, թե ԵՄ-ն ինչ է հասկանում ակնկալիքներ ասելով` խոսքը բացառապես ժողովրդավարական ընտրություններ անցկացնելո՞ւ մասին է, թե՞ կիսատ-պռատ ժողովրդավարական ընտրություններ+առաջընթաց ԼՂ հարցում+առաջընթաց հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Այդուհանդերձ, մեսիջն ակնհայտ էր` խելոք չմնաք, փող չեք ստանա:

Այսինքն, իշխանությունների այն հույսերը, թե այս անգամ էլ կհաջողեցնեն գումար պոկել ԵՄ-ից, կարծես թե հօդս են ցնդում: Բայց իշխանություններն, ինչպես երեւում է, դեռ հույսները չեն կտրել, համենայնդեպս, պաշտոնական հաղորդագրությունում խեղաթյուրելով Ֆյուլեի հայտարարությունը, գոնե կարճաժամկետ հեռանկարում փորձում են տպավորություն ստեղծել, թե գումարի հարցն արդեն որոշված է:

Մասնավորապես, կառավարությունը երեկ երեկոյան հրապարակեց հանձնակատար Ֆյուլեի եւ վարչապետ Սարգսյանի համատեղ ասուլիսի, այսպես կոչված, սղագրությունը, որտեղ ընդամենը մեկ տառ փոփոխելով` խեղաթյուրել էին հանձնակատարի ամենակարեւոր հայտարարության ողջ իմաստը: Քիչ վերեւում մեր կողմից հիշատակված հայտարարությունը, կառավարությունում հրապարակել էին այսպես. «Կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկելու եմ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած մի շարք կոնկրետ առաջարկություններ, որոնց իրագործումը մենք կցանկանայինք տեսնել մինչև հաջորդ տարվա նախագահական ընտրությունները: Բարեհաջող ընտրություններն իսկապես կարևոր են, այլապես կընդհատվեին այն շարունակական բարեփոխումները, որոնք մենք ցանկանում ենք տեսնել, կընդհատվեր շարունակականությունը և ամբողջականությունը»: Այսինքն, Ֆյուլեի կողմից հնչեցված կընդհատվեն արտահայտությունը դարձրել էին կընդհատվեին, ինչը, համաձայնեք` լիովին փոխում է հանձնակատարի հայտարարության իմաստը:

Ակնհայտ է, որ «այլապես կընդհատվեն»-ը գրեթե սպառնալիքի պես մի բան է:

Իսկ «այլապես կընդհատվեին»-ը ընդամենը նշանակում է, որ կարող էին ընդհատվել, բայց չընդհատվեցին, քանի որ խնդիր չի եղել:

Ահա այսպիսի պարզունակ արձագանք: Իսկ նախագահական ընտրությունները սարերի հետեւում չեն:

Դեռ ԱԺ ընտրությունների պատճառով գումարներից զրկվելը չեն հասցրել մարսել: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններից հետո ԵՄ-ն Հայաստանի համար պետք է դոնորների համաժողով կազմակերպեր, որտեղ պետք է քննարկվեր Հայաստանին 2 մլրդ դոլար օգնություն տրամադրելու հարցը: Բայց ԱԺ ընտրություններից հետո հայտարարվեց, որ համաժողովը հետաձգվում է, իսկ ԵՄ պաշտոնյաների կողմից էլ ակնարկներ հնչեցին, որ հետաձգումը կապված էր ԱԺ ընտրությունների արդյունքների հետ, հետեւաբար՝ համաժողովի անցկացման հարցը նորից կարող է քննարկվել միայն նախագահական ընտրություններից հետո, եթե, իհարկե, այդ ընտրությունները համապատասխանեն ԵՄ ակնկալիքներին:

Իսկ այդ ակնկալիքների մասին, ինչպես տեսնում ենք, ԵՄ-ն չի մոռացել. Հայաստանի իշխանություններին հստակ հասկացնում են`գումարները կախված են ընտրություններից:

 

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Ալ. Ալիեւ. Ինչպե՞ս է լուսանկարը հայտնվել ինտերնետում’
Հաջորդ հոդվածը‘Մեդվեդևը կհանդիպի Ցուկերբերգի հետ’